ՊԵԿ-ը բացահայտել է հեռավար բեռնափոխադրումների կազմակերպման առանց գրանցման դեպք

Աննա Կոստանյան 22.08.2022 - 16:04
22.08.2022 - 16:04 դիտում

ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն ստացվել էին օպերատիվ տեղեկություններ այն մասին, որ Երևանի Պուշկինի փողոցի բնակարաններից մեկում մի խումբ անձանց կողմից իրականացվում է հեռավար կերպով` այլ երկրի ներքին շուկայում, բեռնախոխադրումների կազմակերպման գործունեություն առանց պետական գրանցման։

Նշված տվյալներն իրացնելու համար ՊԵԿ Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության թիվ 11` Երևանի բաժնի աշխատակիցները ձեռնարկել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ տվյալ բնակարանում ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հանգամանքնեը պարզաբանելու նպատակով:

Միջոցառումների շրջանակում հետազոտվել է ապօրինի ձեռնարկատիրության հասցեն, պարզվել է, որ նշված բնակարանը բաղկացած է 3 սենյակից և 50 քմ մակերեսով սենյակում առկա են եղել սեղան աթոռներ, 20 համակարգչային կոմպլեկտ` 40 մոնիտորով, հեռախոսներ, որոնցից մի մասն օգտագործել են աշխատակիցները։

Իրականացված գործողությունների արդյունքում պարզվել է, բոլոր համակարգիչները միացված են եղել Ռոստելեկոմ-ի ցանցին և գտնվում են աշխատանքային վիճակում:
Աշխատակիցներից մի քանիսը փորձել են համակարգիչները դուրս բերել բնակարանից, սակայն օպերլիազորների կողմից այն կանխվել է և անմիջապես իրականացվել է դեպքի վայրի պահպանում:

Ապօրինի ձեռնարկատիրական գործունեության համար ՀՀ քրեական օրենսգրքի 281 հոդվածի հանցակազմի հատկանիշներով, կոմիտեի քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում ՊԵԿ Հետաքննության և օպերատիվ հետախուզության ու քննչական վարչության աշխատակիցների կողմից խուզարկվել և առգրավել են գործի հանգամանքների համար կարևոր նշանակություն ունեցող ապացույցները, այդ թվում նաև բոլոր համակարգիչները:

Ներկայումս տարվում է նախաքննություն, շարունակվում է նաև հետաքննություն` ապօրինի գործունեության կազմակերպիչների ամբողջ շրջանակը պարզելու, ինչպես նաև պետությանը պատճառված վնասի վերջնական չափը հստակեցնելու նպատակով։

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը քաղաքացիներին, մասնավորապես հեռավար կերպով՝ այլ երկրի ներքին շուկայում բեռնախոխադրումների կազմակերպման գործունեություն իրականացնողներին, միջնորդական ծառայությունների կազմակերպիչներին, հորդորում է զերծ մնալ ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու մտադրությունից և միաժամանակ նախազգուշացնում, որ հարկեր չվճարելու դիտավորությամբ նման գործունեություն կազմակերպելու դեպքում կենթարկվեն պատասխանատվության օրենքի ողջ խստությամբ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ