Շինաշխատանքներ Շիրակի մարզում՝ կառավարություն-համայնք համագործակցությամբ

Աննա Կոստանյան 22.08.2022 - 15:41
22.08.2022 - 15:41 դիտում

Ախուրյան համայնքի 2022-ի սուբվենցիոն 8 ծրագրերից 4-ը մանկապարտեզների կառուցման աշխատանքներն են։ Մարզպետարանի պատասխանատուներն այցելել են Ախուրյան համայնքի այն բնակավայրեր, որտեղ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրով շինարարական աշխատանքներ են իրականացվում՝ ընթացքին հետևելու, թերացումները բացառելու նպատակով։
Սուբվենցիոն ծրագրով՝ կառավարություն-համայնք համագործակցության արդյունքում, մեկնարկել են Ախուրյան համայնքի Կառնուտ բնակավայրի մանկապարտեզի շենքի կառուցման աշխատանքները: Կառավարությունը կտրամադրի գումարի 70 տոկոսը, համայնքին մնում է գումարի 30 տոկոսի հատկացումը։ Ծրագրի ընդհանուր արժեքը 272 մլն 108 հազար դրամ է։ Առաջին փուլի արժեքը 159 մլն 318 հազար դրամ է։ Կապալառու կազմակերպությունը «Անդրեաս և Ընկերներ» ՍՊԸ-ն է։
Սուբվենցիոն ծրագրով կառուցվում է նաև Ախուրյան համայնքի Բայանդուր բնակավայրի մանկապարտեզի շենքը։ Այս ծրագրի պետության աջակցության մասը 80 տոկոս է, համայնքը գումարի 20 տոկոսն է հատկացնելու։ Ընդհանուր արժեքը 271 մլն 235 միլիոն դրամ է։ Առաջին փուլի արժեքը 159 մլն 139 հազար դրամ է։ Աշխատանքներն իրականացնում է «Մալաք» ՍՊԸ-ն։
Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2021-ին մեկնարկած և այս տարի շարունակվող սուբվենցիոն ծրագրով շարունակվում են Ջրառատի մանկապարտեզի կառուցման աշխատանքները։ Դրանք իրականացվում են կառավարության՝ 70 տոկոս և hամայնքային 30 տոկոս համաֆինանսավորմամբ։ Երկրորդ փուլի արժեքը 200 մլն 940 հազար դրամ է։ Կապալառու կազմակերպությունը «Շինարար» ՍՊԸ-ն է։
Մարզպետարանի պատասխանատուները հետևել են նաև Ախուրյան համայնքի Հովիտ, Բասեն և Երազգավորս բնակավայրերի ոռոգման ցանցերի սուբվենցիոն ծրագրի ընթացքին՝ Հովիտ բնակավայրի ոռոգման համակարգի գոյություն ունեցող ջրամղիչ պոմպակայնի վերանորոգման տեղամասում։ 327 մլն 687 հազար դրամ ընդհանուր արժողությամբ ծրագրի գումարի 65 տոկոսը տրամադրում է կառավարությունը, 35 տոկոսն էլ համայնքի ներդրումն է։
Հանդիպման ժամանակ պատասխանատուները կապալառու կազմակերպությունների և համայնքների ներկայացուցիչներին հորդորել են արձանագրված թերացումները վերացնել ամենասեղմ ժամկետներում և ամեն ինչ անել նախանշված ժամանակին դրանք ավարտին հասցնելու համար։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ