Պարզվել են 2022-ի նոյեմբերին Գեղարքունիքում տեղի ունեցած 4 անձի մահվան ելքով ավտովթարի հանգամանքները. BMW-ի վարորդին մեղադրանք է ներկայացվել

Աննա Կոստանյան 10.11.2023 - 17:45
10.11.2023 - 17:45 դիտում

Պարզվել են 2022 թ. նոյեմբերի 25-ին Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին տեղի ունեցած 4 անձի մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի հանգամանքները:

Ինչպես հայտնում են ՀՀ ՔԿ-ից, 2022 թ. նոյեմբերի 25-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 58 կմ հատվածում միմյանց են բախվել VOLKSWAGEN-GOLF-1.8 մակնիշի և BMW-325-i մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով BMW-325-i մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորներից մեկը, մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են Մարտունու բժշկական կենտրոն, իսկ նույն ավտոմեքենայի մեկ այլ ուղևոր և VOLKSWAGEN-GOLF-1.8 մակնիշի ավտոմեքենայի վարորդը և երկու ուղևորները տեղում մահացել են:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում BMW-325-i մակնիշի ավտոմեքենայում գտնված անձը, ով Գեղարքունիքի մարզի բնակիչ է, մշտապես հերքել է իր կողմից հիշյալ ավտոմեքենան վարելու հանգամանքը և ցուցմունքներով պնդել, որ վթարի պահին ավտոմեքենան վարել է իր հետ բժշկական կենտրոն տեղափոխված անձը:

Սակայն, նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ ապացուցողական և վարույթային գործողությունների, քննչական արդյունավետ տակտիկայի կիրառման, ինչպես նաև վարույթն իրականացնող մարմնի կողմից ելակետային հստակ տվյալներով և նպատակային հարցադրումներով նշանակված դատաավտոտեխնիկական, դատաբժշկական և դատահետքաբանական համալիր փորձաքննության ստացված եզրակացության արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 2022 թ. նոյեմբերի 26-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի հիշյալ բնակիչը, ալկոհոլ օգտագործած վիճակում, չունենալով համապատասխան տրանսպորտային միջոց վարելու իրավունք, վարել է BMW-325-i մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհով՝ Սևան քաղաքից դեպի Մարտունի քաղաքի ուղղությամբ: Հասնելով նշված ավտոճանապարհի 58-րդ կիլոմետր հատված` Լիճք բնակավայրի վարչական տարածք, վերջինս, խախտելով «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի և Ճանապարհային երթևեկության կանոնների 65-րդ և 2-րդ կետերի պահանջները, ավտոմեքենան վարել է թույլատրելի 90 կմ/ժ-ը գերազանցող՝ 160 կմ/ժ, այնուհետև՝ 200 կմ/ժ արագությամբ և դուրս բերել այն հանդիպակաց ուղղության երթևեկելի ուղեմաս՝ իրականացնելով ձախակողմյան երթևեկություն:

Արդյունքում, ստեղծել է վթարային իրադրություն, որի հետևանքով հանդիպակաց ուղղության երթևեկելի ուղեմասում ընդհարվել է Մարտունի քաղաքից դեպի Սևան քաղաքի ուղղությամբ ընթացող VOLKSWAGEN-GOLF-1.8 մակնիշի ավտոմեքենային:

Վթարի հետևանքով VOLKSWAGEN-GOLF-1.8 մակնիշի ավտոմեքենայի վարորդին, երկու ուղևորին, ինչպես նաև BMW-325-i մակնիշի ավտոմեքենայի ուղևորներից մեկին պատճառվել է մահ, իսկ BMW-325-i մակնիշի ավտոմեքենայի մյուս ուղևորի առողջությանը պատճառվել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա BMW-325-i մակնիշի ավտոմեքենայի վարորդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 4-րդ մասով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ