Գերմանիայի Բունդեսթագի՝ ազգությամբ թուրք պատգամավոր Սևիմ Դաղդելենը Հայոց ցեղասպանության տարելիցին կարևոր է համարում ոչ միայն հիշել զոհերի հիշատակը, այլև գտնել նրանց ջնջված անունները, նրանց թողած մշակութային ժառանգությունը: Նրա խոսքով՝ յուրաքանչյուր հիշողություն, յուրաքանչյուր մասունք, որը վկայակոչում է այդ մարդկանց, վկայությունն է այդ տարածքներում նրանց ապրելու: Այս մասին Դաղդելենը խոսել է «Արմենպրես»-ին տրամադրված տեսաուղերձում:
«Ապրիլի 24-ին լրանում է Հայոց ցեղասպանության տարելիցը: Արդեն ավելի քան հարյուր տարի է, ինչ Ստամբուլից արտաքսվեցին հայ քաղաքական գործիչներն ու մտավորականները և Օսմանյան կայսրության ներքին գործերի նախարար Թալեաթը սկսեց իր վայրագությունները:
Մենք ոգեկոչում ենք այդ ոճրագործությանը զոհ դարձած 1,5 մլն մարդկանց հիշատակը, խոնարհվում և լուռ սգում: Այսօր Հայոց ցեղասպանության հիշատակման հետ մեկտեղ խոսքը գնում է նաև կորածների հիշատակը վերագտնելու մասին: Այս հիշողությունը ծանր է, քանզի ի սկզբանե ամեն ինչ արվել էր, որպեսզի այս աննկարագրելի արարքը, դաժան հանցագործությունը մոռացության մատնվի»,- նշել է Գերմանիայի Բունդեսթագի Ձախեր խմբակցության արտաքին քաղաքական հարցերով խոսնակը:
Նա հիշել է, թե որքան բարդ էր Բունդեսթագի համար 2016թ. Հայոց ցեղասպանությունը վերջապես ճանաչելը: «Եվ նույնիսկ հիմա մենք Գերմանիայի Բունդեսթագում որևէ կերպ չենք բարձրաձայնում այնպիսի համարձակ պատգամավորների մասին, ինչպիսին էր Կարլ Լիբկնեխտը, որը Ռայխսթագի միակ պատգամավորն էր, որ 1914թ. դեմ քվեարկեց Առաջին համաշխարհային պատերազմին: Նա նաև միակ պատգամավորն էր, ով հիշատակում էր հայերի նկատմամբ ցեղասպանություն իրագործող Օսմանյան հրամանատարներին և նրանց աջակցող իմպերիալիստական Գերմանական Կայսրությանը:
Մինչ օրս շարունակվում են փորձերը, օրինակ, ծախված քաղաքականության միջոցով, Ադրբեջանի հետ կապերով, պատմական հարցերում ճնշում գործադրելու կամ փորձելու պատմությունը նորովի շարադրել՝ գնալով նոր հանցանքների: Մենք չպետք է դա թույլ տանք: Նաև հենց այս պատճառով է կարևոր հիշողության պահպանումը մեր օրերում ևս»,- ասել է Դաղդելենը: