Մեզ համար համագործակցության ամրապնդումն առաջնային է, կարծում եմ՝ ավելի տեսանելի պետք է դարձնենք այն համագործակցության շրջանակը, որ կար մինչ այժմ․ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։
Ողջունելով դեսպանին և Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Ռուսլան Կանդաուրովին՝ մարզպետն անդրադարձել է մինչ այժմ իրականացված ծրագրերին՝ ընդգծելով դրանց խորացման ու ընդլայնման կարևորությունը․
«Մեծարգո պարոն դեսպան, բարով եք եկել Շիրակի մարզ։ Այս տարի նշում ենք հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանը, և այս համատեքստում, կարծում եմ՝ ներկա մեր օրակարգով քննարկելու բազմաթիվ հարցեր կունենանք, որոնք կվերաբերեն տարբեր ոլորտների։ Տարին հոբելյանական է, և անելիքներն ու նախաձեռնությունները, վստահաբար, միտված են լինելու մեր դարավոր բարեկամության ամրապնդմանը»։
Սերգեյ Կոպիրկինը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ ուրախալի է, երբ տեսնում է արդեն հաստատված հարաբերությունների խորացմանը միտված նախաձեռնողականություն․
«Հարգարժան տիկին մարզպետ, նախ թույլ տվեք ձեզ մաղթել հաջողություններ այս աշխատանքում և նշել, որ անչափ գնահատելի են ձեր մոտեցումը և արդեն նախանշված բարեկամության ու համագործակցության խորացման համար պատրաստակամությունը։ Մենք ևս շահագրգիռ ենք խորացնել փոխգործակցությունը և օգտագործել այն ներուժը, որ առկա է մեր հարաբերություններում»։
Շիրակի մարզպետն անդրադառնալով հայ-ռուսական ռազմավարական համագործակցությանը՝ կարևորել է ռուսական կողմի աջակցությունը հետպատերազմյան ժամանակաշրջանում՝ ընդգծելով խաղաղապահ զորքերի միջնորդությունը գերիների վերադարձման գործում, միաժամանակ անդրադառնալով շիրակցի գերիների հայրենադարձման խնդրին։
Կողմերը խոսել են նաև հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառումների մասին։
Մարզպետը նշել է, որ նախատեսվում է անցկացնել հայ-ռուսական բարեկամության օրեր, որոնց շրջանակում տարատեսակ ծրագրեր կիրականացվեն, բաց դռների օրեր կլինեն ռազմաբազայում, կլինեն նաև փոխադարձ այցելություններ և այլ նախաձեռնություններ։
![Возможно, это изображение (2 человека, люди стоят и в помещении)](https://scontent.fevn2-1.fna.fbcdn.net/v/t39.30808-6/273187782_234917082164488_4338739519644603618_n.jpg?_nc_cat=103&ccb=1-5&_nc_sid=730e14&_nc_ohc=pQvsejTBuEMAX91VBUS&tn=7XcBo8GDD7B4wJ9b&_nc_ht=scontent.fevn2-1.fna&oh=00_AT_nXN_l74pDdWS7pMuXTJox6IWT76W_AH71u1u-5C2clw&oe=61FD3392)