Շաքարային դիաբետ ունեցող երեխաներն ու երիտասարդներն ապահովված են ինսուլինային անալոգներով

Աննա Կոստանյան 22.09.2020 - 15:06
22.09.2020 - 15:06 դիտում

Մինչև 22 տարեկան տարիքային խմբի հաշվառված ինսուլինակախյալ երեխաների և երիտասարդների կյանքի որակը բարձրացնելու, ինչպես նաև բուժման արդյունավետությունը և նրանց առողջական վիճակը բարելավելու նպատակով «Հաղթահարենք դիաբետը միասին» ծրագրի շրջանակներում, 2015-2019 թվականների ընթացքում, ՀՀ առողջապահության նախարարության և «Էլայ Լիլի» ամերիկյան դեղագործական կազմակերպության միջև կնքվել է պայմանագիր, որի շրջանակներում վերոնշյալ տարիքային խմբին անվճար տրամադրվում է ինսուլինային անալոգներ:

Շաքարային դիաբետ ունեցող երեխաներն ու երիտասարդների ծնողների անհանգստությունը փարատելու նպատակով տեղեկացնում ենք, որ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրի կողմից ներկայացված հաշվետվության համաձայն` հուլիսի 1-ի դրությամբ հումալոգ դեղի մնացորդը կազմել է 650 սրվակ: Հուլիսի 2-ին կազմակերպության կողմից ներկայացված պահաջագիր-գրության համաձայն` շաքարային դիաբետ ունեցող երեխաներին եռամսյակային կտրվածքով անհրաժեշտ է եղել տրամադրել 3000 սրվակ հումալոգ դեղ: Հուլիսի 9-ին առողջապահության նախարարի հրամանով տրամադրվել է 2500 սրվակ և օգոստոսի 21-ին` ևս 1000 սրվակ: Հաշվի առնելով մնացորդները և տրամադրված դեղի քանակը` տվյալ կազմակերպությունում առկա քանակը կազմում է 4150 հատ: Այսինքն` բոլոր երեխաներին տրամադրվել է անհրաժեշտ քանակությամբ ինսուլինային անալոգ:

Պայմանագրի շրջանակներում հերթական մատակարարումն իրականացվել է սեպտեմբերի 18-ին, որը ևս կտրամադրվի բժշկական հաստատություններին: Միաժամանակ, մատակարարն առողջապահության նախարարության հետ պայմանագրի շրջանակներում սեպտեմբերի 12-ին Հայաստան է ներմուծել ինսուլինային անալոգների տրամադրվող քանակները, որոնք ներկայումս գտնվում են մաքսազերծման փուլում:

Ինչ վերաբերվում է գրիչ-ներարկիչներ և ասեղներ տրամադրելուն, ապա դրանք ծրագրի շրջանակներում հատկացվել են` որպես մարդասիրական օգնություն: Նշենք, որ այս ապրանքների տրամադրումը 2015-2020թթ. պետական պայմանագրի պարտադիր պայման չէ: Պարտադիր պայման է միայն ինսուլինային անալոգների մատակարարումն ու ձեռքբերումը:

Ի դեպ, 2021-2023թթ. համար կնքված պայմանագրի շրջանակներում ձեռք բերվող ինսուլինային անալոգների հետ մեկտեղ, որպես պարտադիր պայման (մարդասիրական օգնության շրջանակներում), ներառված է նաև գրիչ-ներարկիչների և ասեղներին տրամադրումը:

Հավելենք, որ 2020 թվականի կարիքների համար ձեռք բերված թեստ-երիզները համապատասխանում են մրցույթով սահմանված տեխնիկական բնութագրի չափանիշներին:

0 մեկնաբանություն
0

Թողնել Մեկնաբանություն

 

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ