Նախադպրոցական ուսումնական հաստատությունները՝ ՆԳՆ փրկարար ծառայության ուշադրության կենտրոնում

6.04.2024 - 12:50 դիտում
ՆԳՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության և ենթակա ստորաբաժանումների՝ թիվ 8, թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատների ծառայողների կողմից մի շարք նախադպրոցական ուսումնական հաստատություններում կազմակերպվեցին, և անցկացվեցին հատուկ տակտիկական ուսումնավարժություններ:
Մասնավորապես՝ «Երևանի թիվ 6 մանկապարտեզ» և «Երևանի թիվ 12 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ներում անցկացվել են «Աշխատակիցների և սաների պատսպարման կազմակերպումը հակառակորդի օդուժի հարձակման դեպքում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ՝ ուղղված քաղաքացիական պաշտպանության բնագավառում գիտելիքների ու հմտությունների ձևավորմանն ու ամրապնդմանը, պատրաստվածության բարձրացմանը, միևնույն ժամանակ վարվելակերպի կանոնների վերաբերյալ իրազեկմանը։
«Երևանի թիվ 3 մանկապարտեզ» և «Երևանի թիվ 53 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ներում անցկացվեցին «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը և իրականացումը մանկապարտեզում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ:
Ուսումնավարժությունների նպատակն էր.
• ստուգել հրշեջ-փրկարարների գործնական ունակությունների և հմտությունների մակարդակը,
• ստուգել ստեղծված իրավիճակում անվտանգության տեխնիկայի կանոնների պահպանումը հրշեջ-փրկարարական գործողությունների ժամանակ,
• կատարելագործել ՀՓՋ օղակների հրամանատարների գործնական ունակությունները բացազատման ժամանակ,
• բարձրացնել հրամանատարական կազմի մարտավարական մտածելակերպը,
• կատարելագործել հրդեհների ժամանակ ուժերի և միջոցների ղեկավարման ունակությունները,
• ստուգել մանկապարտեզի կազմավորումների աշխատանքը և համագործակցությունը հրդեհի դեպքում:
Ուսումնավարժությունների շրջանակներում խաղարկվեցին հրդեհի սցենարներ, իրականացվեցին սաների և անձնակազմի տարհանում դեպի անվտանգ տարածք, մարտական բացազատում, շնչառական ապարատներով հետախուզություն՝ պարզելու մանկապարտեզի հատկապես ծխապատ սենյակներում մնացած երեխաների, անձնակազմի առկայությունը, կրակի տարածման ուղիները, ուժերի ու միջոցների ներգրավման ճանապարհներն ու ուղղությունները, պայթյունի, փլուզման, թունավորման վտանգը, դյուրավառ նյութերի և լարման տակ գտնվող էլեկտրասարքավորումների առկայությունը, ինչպես նաև պայմանական տուժածներին առաջին օգնության ցուցաբերման գործողությունները։
Ամփոփելով հատուկ տակտիկական ուսումնավարժությունների արդյունքները՝ նշվեցին վարժանքների ուժեղ և թույլ կողմերը, նշվեցին, որ օղակներն իրենց մարտական հնարավորություններով ունակ են ինքնուրույն լուծել մարդկանց և նյութական արժեքները փրկելու, հրդեհները մարելու առանձին խնդիրներ: Միևնույն ժամանակ առանձնացվեցին գազածխապաշտպան օղակների պատրաստվածությունը, որոնք լիարժեք կատարեցին իրենց առջև դրված խնդիրները:
Նախադպրոցական հաստատություններում պարբերաբար անցկացվող նմանատիպ միջոցառումները նպաստում են նախադպրոցական տարիքի երեխայի մեջ վարվելակերպի տարրական նորմերի ձևավորմանը, անձնակազմի ու արձագանքող ուժերի պատրաստվածության բարձրացմանը, հմտությունների բարելավմանը, որոնք հնարավորություն են տալիս վերջիններիս լինել իրազեկ և պաշտպանված։

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ