Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի կողմից 2020թ սեպտեմբերի 27-ին որոշում է կայացվել հարուցել քրեական գործ՝ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից ագրեսիվ պատերազմ սանձարձակելու և Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքը, Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի, Հադրութի շրջանները և դրանց հարակից այլ բնակավայրերը հրետակոծելու եղանակով մարդկային և գույքային կորուստներ պատճառելու դեպքերի առթիվ։
2020 թվականի սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը,խախտելով ղարաբաղա-ադրբեջանական զինված ընթարման շրջանակներում 1994թ. մայիսի 12-ին ուժի մեջ մտած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարների կողմից ստորագրված հրադադարի մասին համաձայնագրի պայմանները՝ կիրառելով հրթիռահրետանային, ավիացիոն և անօդաչու թռչող սարքեր, հարձակման է անցել շփման գծի ողջ երկայնությամբ՝ սանձարձակելով ագրեսիվ պատերազմ, որի ընթացքում Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը ռազմական գերազանցության հասնելու նպատակով` կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի նորմերը, պատերազմ վարելու արգելված մեթոդների և միջոցների կիրառմամբ, միջազգային մարդասիրական նորմերի լուրջ խախտմամբ, համակարգված, կանխամտածված և նախապատրաստված գրոհների թիրախ դարձնելով խաղաղ բնակավայրերի քաղաքացիական բնակչությանը՝ մասնավորապես, ոչ ընտրովի հարձակման օբյեկտներ դարձնելով խորը թիկունքում գտնվող քաղաքացիական բնակչությանը և քաղաքացիական օբյեկտները` նշված զինատեսակներով հրետակոծել են Ստեփանակերտ քաղաքը և մնացած բոլոր շրջաններն ու դրանց հարակից այլ բնակավայրերը՝ պատճառելով մարդկային և գույքային կորուստներ:
Հարուցված քրեական գործի շրջանակներում նախաքննության կատարումը հանձն առած քննչական խմբի կողմից իրականացվում են աննախադեպ ծավալով բազմաբնույթ քննչական և դատավարական գործողություններ։
Նախաքննությունը շարունակվում է։