Մենք ունենք ամենաբարձր իրավական մարմնի երկու որոշում, ըստ որի Ադրբեջանը պետք է անցանելիություն ապահովեր Լաչինի միջանցքով, և ի՞նչ տեղի ունեցավ. ոչինչ․ Միրզոյան

Աստղիկ Խաչատրյան 29.08.2023 - 22:32
29.08.2023 - 22:32 դիտում

Օգոստոսի 29-ին Բլեդի ռազմավարական համաժողովի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է «Անվտանգության նոր ճարտարապետներ. ովքե՞ր» պանելային քննարկմանը: ՀՀ ԱԳՆ-ն ներկայացրել է նախարար Միրզոյանի պատասխանները քննարկման ժամանակ հնչած հարցերին:

Համաժողովի շրջանակներում նախարար Միրզոյանն ունեցել է նաև երկկողմ հանդիպումներ և քննարկումներ համաժողովին մասնակցող այլ գործընկերների հետ։

Համակարգող. Դուք գալիս եք հակամարտությունների պատմություն ունեցող տարածաշրջանից, բացի այդ տարածաշրջանում դեռ առկա են որոշ «սառած հակամարտություններ»: Քանի որ պրն. դեսպանը նշեց կառույցները, միջազգային կազմակերպությունները, ինչպե՞ս եք Դուք գնահատում գործող կառույցների անվտանգային ներուժը, այդո՞ք դրանք արդյունավետ կերպով օգնում են, թե ինչ-որ նոր բանի կարիք կա:

Արարատ Միրզոյան. Նախևառաջ, միանալով գործընկերներիս, թույլ տվեք շնորհակալություն հայտնել Սլովենիային՝ չնայած մարտահրավերներին և բնական աղետին այս շատ կարևոր համաժողովը կազմակերպելու համար: Մեզ համար սա ոչ միայն մտքեր փոխանակելու, այլև Սլովենիայի ժողովրդին համերաշխություն հայտնելու հնարավորություն է: Ինչ վերաբերում է Ձեր հարցին, դրան պատասխանելը այդքան էլ հեշտ չէ, որքան կարող է թվալ: Մի կողմից, տասնամյակներ շարունակ մենք ունեցել ենք բոլոր անհրաժեշտ կառույցները:

Դրանք կուտակել են ճգնաժամերի և հակամարտությունների կառավարման համար անհրաժեշտ բոլոր գործիքներն ու միջոցները: Մյուս կողմից, մենք տեսնում ենք, որ իրական ճգնաժամերի և հակամարտությունների դեպքում այս գործիքներն ու միջոցներն այդքան էլ արդյունավետ չեն: Այսպիսով, համոզվելու համար, որ ինձ հաջողվելու է ձեզ ճիշտ ներկայացնել պատկերը, ես կներկայացնեմ իրավիճակն իրական օրինակով:

Բոլորդ գիտեք Հարավային Կովկասում գտնվող Լեռնային Ղարաբաղի մասին: Հենց այս պահին, մինչ մենք այստեղ խոսում ենք, 120.000 մարդ այնտեղ գտնվում է իրական միջնադարյան շրջափակման մեջ՝ Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով: Այս միջանցքի ստեղծման նպատակը եղել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև կապի և մարդկանց ազատ տեղաշարժի ապահովումը: Սա միակ կյանքի ճանապարհն է, միակ ուղին, որը կարող է կապել Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհի հետ:

Արդեն 8 ամիս է, ինչ Ադրբեջանն արգելափակել է Լաչինի միջանցքը, իսկ հունիսի 15-ից ի վեր միջանցքը լիակատար շրջափակման մեջ է. այժմ դեպի Լեռնային Ղարաբաղ ո՛չ դեղորայք, ո՛չ վառելիք և, առհասարակ, ոչինչ հնարավոր չէ տեղափոխել այս միջանքով:

Այսպիսով, ևս մեկ անգամ համոզվելու համար, որ դուք իրապես հասկանում եք իրավիճակը, նշեմ, որ մոտ 2.000 հղի կին, 30.000 երեխա, 20.000 մեծահասակ, հիվանդություններ ունեցող մարդիկ մնացել են առանց սննդի, դեղորայքի և վառելիքի, խափանված է գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումը:

Այս իրավիճակի հետ կապված կան միջազգային կազմակերպությունների, անհատների, անկախ փորձագետների կողմից հնչեցված բազմաթիվ արձագանքներ. մենք ունենք ՄԱԿ Գլխավոր քարտուղարի, հատուկ փորձագետների, հատուկ զեկուցողների հայտարարությունները, ունենք հայտարարություններ այնպիսի հեղինակավոր կազմակերպություններից, ինչպիսիք են Human Rights Watch-ը, Amnesty International-ը և այլն: Մենք ունենք Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազի նման անկախ փորձագետների կողմից հնչեցված հայտարարություններ, ունենք նաև Եվրոպայի խորհուրդ։ Առկա են բազմաթիվ կառույցների, հեղինակավոր կազմակերպությունների, մարմինների, անհատների կողմից հնչեցված հայտարարարություններ, որոնք փաստում են, որ Ադրբեջանն արգելափակել է Լաչինի միջանցքը, և արդյունքում Լեռնային Ղարաբաղում առկա է հումանիտար ճգնաժամ, և կա հումանիտար աղետի վտանգ:

Այսպիսով, ի՞նչ ունենք արդյունքում. ոչինչ: Մենք ունենք Արդարադատության միջազգային դատարանի՝ ամենաբարձր իրավական մարմնի երկու որոշումները: Մենք՝ ժողովուրդներս, միավորվեցինք և ստեղծեցինք ՄԱԿ-ը, դրա շրջանակներում կամ դրան զուգահեռ մենք ստեղծեցինք բարձրագույն իրավական ատյանը՝ Արդարադատության միջազգային դատարանը, և այն ընդունեց երկու որոշում, ըստ որի Ադրբեջանը պետք է անցանելիություն ապահովեր Լաչինի միջանցքով, և ի՞նչ տեղի ունեցավ. ոչինչ: Այնպես որ, խնդիրը կառույցները չեն: Մենք չունենք կառույցների պակասի կամ բացակայության խնդիր, այլ բանի կարիք կա: Կարծում եմ, որ կա քաղաքական կամքի և կանոնների նկատմամբ հարգանքի պակաս, ոչ միայն նրանց կողմից, ովքեր դրանք խախտում են, այլև մեր՝ բոլորիս:

Մենք պետք է կանոնները հարգելու պատասխանատվության զգացում ունենանք, քանի որ դրա այլընտրանքը քաոսն է, քանի որ այլընտրանքը մի իրավիճակ է, երբ ուժն է ծնում իրավունք, և դուք գիտեք՝ միշտ կարող է լինել ուժեղից ավելի ուժեղը:

Պատասխանելով Ձեր հարցին՝ ես կցանկանայի մեկ այլ հարց առաջ բերել. արդյո՞ք մենք համաձայն ենք այս իրավիճակի հետ, և ի՞նչ ենք մենք պատրաստվում անել դրա հետ:

Համակարգող. Որպես փորձառու քաղաքական գործիչ` որտե՞ղ եք տեսնում այսօրվա քաղաքականության դերն անվտանգային հարցերում, արդյո՞ք պետք է մենք ինչ-որ բան փոխենք մոտեցումներում, որոնք այսօր ունեն քաղաքական գործիչները:

Արարատ Միրզոյան. Ես ինքս ինձ չէի անվանի փորձառու քաղաքական գործիչ, բայց…

Համակարգող. Ես անվանում եմ:

Արարատ Միրզոյան. Շնորհակալություն: Հարգելի մասնակիցներ, ես չէի ցանկանա շեղել այս գեղեցիկ զրույցն ու քննարկումը, սակայն ինձ մոտ այնպիսի տպավորություն է, թե «անվտանգություն» ասելիս մենք նկատի ունենք միայն խոշոր տերությունների անվտանգությունը, «պատիվ» ասելիս նկատի ունենք մեծ խաղացողներին: Կամ առնվազն պետք է ունենալ Լեհաստանի աշխարհագրական չափը՝ այս զրույցի մաս լինելու կամ սպասելիքներ ունենալու համար: Ես տպավորված եմ Ձեր ելույթով, պարոն Գլխավոր քարտուղար, բայց հնարավոր չէ «տունը վերականգնել», քանի դեռ չկա այն ըմբռնումը, որ խնդիրը միայն Ուկրաինայում պատերազմը չէ:

Ես բժիշկ չեմ, ինչպես լսեցիք, ես փորձառու քաղաքական գործիչ եմ, սակայն ես գիտեմ, որ առաջինն ու երևի ամենակարևոր քայլը ախտորոշումն է: Հնարավոր չէ լուծում տալ առանց ճիշտ ախտորոշման: Երևի ամենաուղիղ, անկեղծ և ակնհայտ պատասխանը Ձեր հարցին, քանի որ իրականում բոլորն էլ գիտեն պատասխանը հետևյալն է. դա այն քաղաքականությունն է, որը հիմնված է արժեքների վրա, ինչպես նաև մարդակենտրոնությունը: Լուծումը մարդ էակի վրա կենտրոնացված քաղաքականությունն է: Կարծում եմ` դա է պատասխանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ