Մահերի պատասխանատվությունը կրում են այն մարդիկ, որոնք իրականացնում են հակապատվաստումային քարոզչություն․ Նիկոլ Փաշինյան

Աննա Կոստանյան 28.10.2021 - 13:03
28.10.2021 - 13:03 դիտում

Կորոնավիրուսի հետ կապված համաճարակային վիճակը ՀՀ–ում ծայրահեղ լարված է։ Այս մասին այսօր կառավարության հերթական նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնեց, որ երեկ 15818 թեստավորումից 2307-ն է դրական եղել, արձանագրել է 38 մահ։ «Այս պահին մոբիլիզացված են 27 բժշկական կենտրոն, որոնք սպասարկում են քովիդ պացիենտներին։ Ընդհանուր առմամբ 3050 մահճակալ անընդհատ զբաղված է։ Ծանր վիճակում ունենք 1088 քաղաքացի, ծայրահեղ  վիճակում է գտնվում 307 քաղաքացի և թոքային օդափոխության սարքերին միացված է 152 քաղաքացի»,–ասաց նա։

Նախարարը հայտնեց, որ այս շտամի առանձնահատկությունը հիվանդության ծանրության, վարակելիության բարձր աստիճանն է։ «Այս շտամը բավական ագրեսիվ ընթացք է ունենում նաև հղիների մոտ, այս պահին էլ ունենք 122 հղի, որոնք հոսպիտալացված են, նրանցից 53–ի մոտ առկա է թոքաբորբ և թթվածային կախյալ են»,–ասաց նա։

Նախարարը հայտնեց նաև, որ, ընդհանուր առմամբ, դրական ակտիվ 30 433 դեպքերից պատվաստված քաղաքացիները 1702 –ն են, հոսպիտալացվածներից 96 է պատվաստված, իսկ վերակենդանացման  բաժանմունքում գտնվողներից հինգն են պատվաստված։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ կարծում է, որ չպետք է գնան «լոքդաունների» և պետք է  երկու ուղղությամբ աշխատեն․ առաջինը դիմակներ դնելու կանոնների խստացման ուղղությամբ պետք է աշխատեն և հայտնեց, որ չի բացառվում նոր որոշումներ կայացնեն և համընդհանուր  բաց տարածքներում դիմակներ դնելու անհրաժեշտություն արձանագրեն։

Նա առավել կարևոր ուղղություն համարեց պատվաստումները և նշեց, որ բոլորին պատվաստելու համար պատվաստանյութեր կան։ «Ես ուզում եմ մեր ընտանիքի օրինակի հետ կապված մի իրավիճակ ներկայացնել․ մեր ընտանիքի ավագները պատվաստվել են՝ բացի երկու երեխաներից,  և վերջերս պատահեց այնպես, որ մեր 14-ամյա դուստրը կորոնավիրուսով վարակվեց, ինչի մասին բավական ուշ՝ մեկ շաբաթ անց իմացանք և ամենօրյա ընտանեկան շփումից մեր ընտանիքի պատվաստված անդամներից ոչ մեկը չվարակվեց, թեև գիտենք, որ կարող էինք վարակվել, քանի որ հարյուր տոկոսով պատվաստանյութը չի երաշխավորում»,–ասաց նա։

Փաշինյանը նշեց, որ  քրեական գործերով մեկ տասնյակից ավելի բուժաշխատողներ կան ներգրավված որպես մեղադրյալ, ունենք կալանավորված վեց անձ և պատվաստման կեղծ սերտիֆիկատ տալու դեպքեր։ Նա ցավալի համարեց, երբ թուղթը տալիս են և պատվաստանյութը դատարկում,  փչացնում են։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ նաև տարբեր շահարկումներ են լինում պետական ընդունելությունների հետ կապված։ «Լինում  է ինչ–որ պետական միջոցառում, ընդունելություն,  մեկ էլ ինչ–որ ֆոտո վերցնում տարածում են՝ վայ, տեսեք պաշտոնյաները դիմակ չեն կրում, հարգելիներս, քաղաքացիներն էլ հարսանիքներ, միջոցառումներ են անում, ընդունելության ժամանակ սեղանի շուրջ կամ սուրճ խմելիս դիմակ կրու՞մ են մարդիկ»,–ասաց նա և նշեց, որ  էժան շահարկումներին չպետք է տրվել։

«Ի վերջո պետք է հստակ ասենք, որ մահերի պատասխանատվությունը իրականացնում են այն մարդիկ, ովքեր անում են  հակապատվաստումային քարոզչություն»,–ասաց նա և նշեց, որ խնդիր է տեսնում, որ շաբաթ-կիրակի օրերին պատվաստվողների թիվը կրճատվում է։  Նա հայտնեց, որ վիճակագրությունը ցույց է տալիս, որ այն երկրներում, որտեղ պատվաստումները 60–70 տոկոս են, ամենօրյա մահացությունները քիչ են։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ