ՀՀ ԶՈՒ դիրքերը ԽՍՀՄ-ից ժառանգած սահմանների հետ համապատասխանեցնելու գործընթացն իրականացվել է ռազմական նոր էսկալացիայից խուսափելու համար. Փաշինյան

Աննա Կոստանյան 15.09.2021 - 17:17
15.09.2021 - 17:17 դիտում

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արմեն Խաչատրյանը Գորիս-Կապան ավտոճանապարհի Որոտանի հատվածում ադրբեջանական անցակետի տեղադրման վերաբերյալ հարց ուղղեց:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախ նշեց, որ այն իրադարձությունները, որոնք տեղի են ունենում հայ-ադրբեջանական սահմանագծի երկայնքով, ունեն բազմաթիվ շերտեր ու ենթատեքստեր:

«2020 թվականի դեկտեմբերին մենք իրականացրել ենք ՀՀ ԶՈՒ դիրքերը Խորհրդային Միությունից ժառանգած սահմանների հետ համապատասխանեցնելու գործընթաց: Այդ գործընթացն իրականացվել է ռազմական նոր էսկալացիայից խուսափելու համար: Այս համատեքստում ուզում եմ հիշեցնել 2010 թվականին ՀՀ ԱԺ-ի կողմից ընդունված վարչատարածքային բաժանման մասին օրենքը, որտեղ հստակ արձանագրվում է, որ, մասնավորապես, Շուռնուխ և Որոտան գյուղերի վարչական սահմանները համապատասխանում են հայ-ադրբեջանական սահմանին: Տվյալ դեպքում պիտի արձանագրեմ նաև, որ Խորհրդային Միության ժամանակ, մասնավորապես այդ հատվածում, Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի գոյություն ունեցած վարչական սահմանն է, որը հետագայում վերածվել է պետական սահմանի: Այս իրողությունն է ընդունվել որպես հիմք: Այդ հատվածներում 2 տեղ Գորիս-Կապան ավտոճանապարհը դուրս է գալիս ՀՀ կամ Խորհրդային Հայաստանի վարչական սահմանից: Եվ նաև այս հանգամանքի բերումով է, որ ժամանակին ձեզ հայտնի տեղերում հայտնվել են մեզ հայտնի ցուցանակները և հենակետերը»,- ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ 2020 թ. դեկտեմբերին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այդ ճանապարհն անարգել պետք է օգտագործվի ՀՀ տրանսպորտային միջոցների և բեռների տարանցման համար: «Ենթադրում եմ, քանի որ այդ պայմանավորվածության մեջ չի ֆիքսվել նաև օտարերկրյա բեռների հանգամանքը, տվյալ իրավիճակում Ադրբեջանը կիրառում է այդ միջոցը՝ թերևս ի պատասխան մեր այն հայտարարությունների, որ թե՛ նոյեմբերի 9-ի, թե՛ հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների մեջ հիշատակված չէ ՀՀ տարածքով միջանցք տրամադրելու վերաբերյալ դրույթ, և ՀՀ-ն ընդունելով, որ տարածաշրջանի կոմունիկացիաները պետք է բացվեն, այնուամենայնիվ, արձանագրում են, որ օտարերկրյա բեռները ՀՀ տարածքը հատելիս, այդ թվում՝ Ադրբեջանի արևմտյան շրջաններից դեպի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն գնալիս, պետք է հատեն մաքսային, անձնագրային և այլ կետեր, ինչպես սահմանված է ԱՊՀ երկրների միջև տրանսպորտային հաղորդակցությունն ապահովող իրավական բազայում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ