ՀՀ դատախազությունն ուսումնասիրում է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության տարածած տեղեկությունները

Աննա Կոստանյան 12.10.2022 - 13:17
12.10.2022 - 13:17 դիտում

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել են ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության կողմից այսօր տարածված տեղեկությունները և զանգվածային տարբեր լրատվամիջոցներում առկա հրապարակումները:

Նկատի ունենալով, որ հրապարակումը պարունակել է առերևույթ հանցանքի մասին վկայող տեղեկություններ՝ Գլխավոր դատախազությունը դրանք հասցեագրել է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու հանձնարարությամբ:

Օրենքով նախատեսված գործիքակազմի, այդ թվում՝ միջազգային փոխօգնության ինստիտուտի կիրառմամբ, Գլխավոր դատախազությունը հետևողական է լինելու հրապարակված տեղեկատվության հանգամանքները ամբողջությամբ բացահայտելու ուղղությամբ:

Արդյունքների մասին դատախազությունը կտրամադրի լրացուցիչ տեղեկատվություն:

Հիշեցնենք՝ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը Ղրիմի կամրջի վրա պայթյունի նախապատրաստման փաստով տեսանյութեր և լուսանկարներ է հրապարակել:

Ըստ հաղորդագրության՝ ահաբեկչությունը կազմակերպել են Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության աշխատակիցները: Անվտանգության դաշնային ծառայության տվյալով՝ պայթուցիկ սարքը օգոստոսի սկզբին Օդեսայի նավահանգստից ուղարկվել է Բուլղարիայի Ռուսե քաղաք։

«Բեռի տեղափոխմանը ներգրավված են եղել Ուկրաինայի և Վրաստանի քաղաքացիներ, ինչպես նաև Հայաստանի մեկ քաղաքացի։ Կան ձերբակալվածներ»,- ասված է հայտարարության մեջ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ