ՀԱՊԿ-ից առնվազն 2 երկիր գիտեմ, որ մասնակցել են մեր դեմ պատերազմի նախապատրաստությանը․ վարչապետ

Աստղիկ Խաչատրյան 22.05.2024 - 19:34
22.05.2024 - 19:34 դիտում


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ի առնվազն 2 երկիր մասնակցել է դաշնակից Հայաստանի դեմ 44-օրյա պատերազմի նախապատրաստությանը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է խորհրդարան-գործադիր հարցուպատասխանին՝ անդրադառնալով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ադրբեջանամետ հայտարարությանը, որ վերջինս հնչեցրել էր Շուշիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը։

«Ես Հավաքական անվտանգության պայմանագրի առնվազն երկու երկիր գիտեմ, որ մասնակցել է մեր դեմ պատերազմի նախապատրաստությանը։ Այդ երկրները հնարավոր է իմիտացիա են ստեղծել, որ մեզ ուզում են օգնել, կամ, թե իբր օգնել են։ Բայց ես էլի ուզում եմ ասել՝ այդ պատերազմը նույնիսկ Լեռնային Ղարաբաղի մասին չի եղել , որովհետև ես Քննիչ հանձնաժողովում ցույց եմ տվել, որ ԼՂ հարցն իրենք իրենց մեջ վաղուց փակել են։ Այդ պատերազմի նպատակը եղել է Հայաստանի Հանրապետություն անկախ պետության չգոյությունը»,-նշել է Փաշինյանը՝ ուրախություն հայտնելով, որ կարողացել է հասնել Բելառուսի նախագահի հրապարակային խոստովանությանը։

«Ես այս փորձերը շարունակելու եմ․ էլի դեռ կան մարդիկ, որոնք այս մասին պետք է դեռ հրապարակային ասեն»,-հավելել է նա։

Ըստ վարչապետի՝ Հայաստանի պետականության դեմ ուղղված փորձերը չեն հաջողվել 2020 թվականի նոյեմբերի 9-ին և դրանից հետո, ինչպես նաև 2021 թվականի մայիսին, երբ Ազգային ժողովը և կառավարությունը լուծարված էին, հրաժարական էին տվել։ Էլի չի ստացվել, 2022 թվականի սեպտեմբերին, 2023 թվականի սեպտեմբերին։

«Փորձեցին 2024 թվականի մայիսի 9-ին՝ էլի չստացվեց ու չի ստացվելու, այդ թվում՝ այդքան քննադատված սահմանազատման պրոցեսի շնորհիվ։ Սահմանազատման այս գործընթացով մենք շատ-շատերին զրկել ենք հնարավորությունից՝ 2024 թվականի մայիսի 9-ին զուգահեռ սահմանային բախումներ հրահրելու»,-նշել է վարչապետը՝ հիշեցնելով ԱԺ ամբիոնից 2022 թվականին բարձրաձայնած իր այն համոզմունքը, որ եթե հաջողվի 1-2 տարի ՀՀ պետականությունը պահպանել, ապա առաջիկա 50-100 տարվա համար նրա գոյությունը երաշխավորված կլինի։

«Սահմանազատման գործընթացով, կարող է ասածս չափազանցություն թվա, բայց մենք այդ խնդրի 60 տոկոսը լուծել ենք։ Այս աղմուկը նրա համար է, որ թույլ չտան այն գիտակցության արմատացումը մարդկանց, քաղաքացիների շրջանում, որ մենք այսօր Կիրանցում, Ոսկեպարում, Բերքաբերում մեր պետության անկյունաքարերն ենք շարում, որի վրա պիտի կառուցվի պետություն, անվտանգություն, ազատություն, երջանկություն»,-ընդգծել է Փաշինյանը։

Մայիսի 16-ին Բելառուսի նախագահ Լուկաշենկոն Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը մասնավորապես ասել էր․ «Հիշեցի մեր զրույցը պատերազմից առաջ, Ձեր ազատագրական պատերազմից առաջ, երբ մենք երկուսով փիլիսոփայորեն քննարկում էինք ճաշի սեղանի շուրջ։ Այն ժամանակ մենք եզրակացրեցինք, որ պատերազմում կարելի է հաղթել։ Դա կարևոր է, շատ կարևոր է պահել այդ հաղթանակը, և երրորդը՝ մենք համաձայնեցինք, Դուք այն ժամանակ շոշափեցիք այդ թեման, որ պատերազմից հետո կսկսվի ամենածանր շրջանը, երբ հարկ կլինի վերակենդանացնել ձեր ազատագրած հողերը: Եվ հիմա եկել է այդ դժվարին ժամանակը, երբ անհրաժեշտ է վերակենդանացնել այդ հողերը, վերադարձնել մարդկանց։ Հաղթեցինք, հաղթանակը պահեցինք, հիմա պետք է վերակենդանացնել։ Դա ժամանակ է, դա մեծ աշխատանք է, հինգ տարում, գուցե տասը տարում դժվար է ամեն ինչ անել»։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ