ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկումների ժամանակ իր ելույթում հայ ժողովրդին կոչ արեց համախմբվել խաղաղության օրակարգի շուրջ։
«Հայոց պետականության մեր նավը հայտնվել է խռովահույզ փոթորկի հորձանուտում, որովհետև, ըստ էության, ամբողջ աշխարհն է հայտնվել խռովահույզ փոթորկի հորձանուտում: 2021-ի հունվարին էր մեզ թվում, թե մենք ենք հայտնվել խռովահույզ փոթորկի հորձանուտում:
Կարելի էր կռահել, որ համաշխարհային փոթորիկ է սկսվում մեզանով: Դուք կարող եք տեսնել, որ ո՛չ մեծ, ո՛չ փոքր պետությունների գոյությունը, ցավոք, երաշխավորված չէ: Եվ միակ երաշխիքը, որ կարող է լինել պետության ու անվտանգության համար, համապարփակ խաղաղությունն է։ Դա այն է, երբ հարևանների հետ հարցերը լուծված, կարգավորված են, սահմանները սահմանազատված են և սահմանագծված, խաղաղությունն էլ՝ դե յուրե հաստատված:
Մենք հիմա փորձում ենք գնալ հենց այս ճանապարհով: Կկարողանա՞նք, կստացվի: Ոչ ոք չի կարող երաշխավորել, որովհետև խաղաղությունը միակողմանի շարժում չէ, այլ համագործակցության արդյունք: Մենք իլյուզիաներ չունենք և տեսնում ենք, որ մեզ ոչնչացնելու ցանկություն ունեցողների թիվը մեծ է, ավելի մեծ, քան կարելի է ենթադրել: Եվ խաղաղության օրակարգը մեզ ոչնչացնելու, աշխարհում գոյություն ունեցող ցանկությունները կառավարելու և չեզոքացնելու փորձ է:
Ոչ ոք երաշխիք չի կարող տալ, որ խաղաղության օրակարգը հաջողություն կունենա: Սա թե՛ ներսում, թե՛ դրսում հայհոյանքներով, մեղադրանքներով, սպառնալիքներով, վտանգներով, կորուստներով ուղեկցվող ճանապարհ է մեզ համար: Եվ մենք ունենք կամք, վճռականություն՝ այս ճանապարհն անցնելու, չնայած այն բանին, որ հաջողության երաշխիք ոչ ոք չի կարող տալ»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը միաժամանակ նշեց, որ մի բան հաստատ կարող է երաշխավորել՝ հակառակ ճանապարհը տանում է ոչ միայն ԼՂ-ի, այլ նաև Հայաստանի կործանման:
«Եվ մենք, իհարկե, սա թույլ տալ չենք կարող: Եվ ուրեմն հայ ժողովրդին, Հայաստանի ժողովրդին կոչ եմ անում համախմբվել խաղաղության օրակարգի շուրջ, Հայոց պետականության և նրա շահերի շուրջ, որովհետև չկա ավելի կարևոր ու բարձր բան, քան ՀՀ-ն և նրա պետական շահերը»,- եզրափակեց խոսքը վարչապետը: