Մոսկվան աջակցում է Երևանի և Անկարայի միջև փոխադարձ հարգալից երկխոսության վերսկսմանը, ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Այն (երկխոսությունը) մեկնարկել է մեր անմիջական մասնակցությամբ՝ 2022 թվականի հունվարին: Մենք համոզված ենք, որ նման ջերմացումը, կարելի է ասել, կնպաստի Հարավային Կովկասի ընդհանուր իրավիճակի բարելավմանը և նշանակալի ներդրում կունենա տարածաշրջանում երկարաժամկետ կայունության հաստատման գործում»,- ասել է Զախարովան։
Նա նշել է, որ գործընթացը վերջին շրջանում թափ է հավաքում:
«Մենք պատրաստ ենք շարունակել անհրաժեշտ օգնությունը», – հավելել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
Նախօրեին Թուրքիայի հետ բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն ասել էր, որ հայ-թուրքական սահմանի «Մարգարա» անցակետը նախատեսվում է գործարկել այս տարվա ամռանը։
«Կան պայմանավորվածություններ, և այժմ աշխատանքներ են տարվում դրանք կյանքի կոչելու ուղղությամբ»,- ընդգծել էր Ռուբինյանը։ Նա նաև վստահեցրել էր, որ բանակցությունների ընթացքում Թուրքիայի կողմից ճնշում չի եղել, հատկապես՝ Հայաստանի կողմից Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրման հարցում։