Հայաստանի և Բուլղարիայի նախագահները ստորագրել են երկկողմ հարաբերությունների մասին հայտարարություն

Աննա Կոստանյան 18.10.2022 - 16:39
18.10.2022 - 16:39 դիտում

Բուլղարիայի Ալեքսանդր Նևսկու անվան հրապարակում հոկտեմբերի 18-ին տեղի է ունեցել պետական այցով Բուլղարիայի Հանրապետություն ժամանած Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին դիմավորելու պաշտոնական արարողությունը, որի ավարտին նախագահ Վահագն Խաչատուրյանը ծաղկեպսակ է դրել Անհայտ զինվորի» գերեզմանին և հարգանքի տուրք մատուցել զոհվածների հիշատակին։
Այնուհետև Բուլղարիայի Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի և Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի առանձնազրույցը, ինչին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը։
Ողջունելով Հայաստանի պատվիրակությանը՝ Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը կարևորել է նախագահ Խաչատուրյանի այցը՝ ընդգծելով, որ այն նոր խթան կհաղորդի երկկողմ հարաբերությունների առավել զարգացմանն ու խորացմանը։ Նախագահ Ռումեն Ռադևը նշել է, որ Բուլղարիան հետաքրքրված է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ամեն ոլորտում բազմաչափ համագործակցության հետագա ընդլայնմամբ:
Նախագահ Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել է, որ իր գլխավորած պատվիրակության Բուլղարիայի Հանրապետություն պետական այցը լավագույնս վկայում է երկու երկրների հարաբերությունների բարձր մակարդակի մասին, հարաբերություններ, որոնք խարսխված են երկու ժողովուրդների դարավոր բարեկամության և ընդհանուր քաղաքակրթական արժեքների վրա: Նախագահը նշել է, որ այս տարին նշանավորվում է մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակով, և դա լավ առիթ է՝ գնահատելու անցած ուղին, ձեռքբերումները, մատնանշել չօգտագործված ներուժն ու հնարավորությունները և դրանք լիարժեք օգտագործելու պայմաններ ստեղծել։
Հանդիպմանը քննարկվել են հայ-բուլղարական հարաբերություններին և դրանց զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր: Երկուստեք ընդգծվել է, որ համագործակցության լայն հնարավորություններ կան մասնավորապես՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, տրանսպորտի, գյուղատնտեսության, առողջապահության, կրթության, մշակույթի, զբոսաշրջության ոլորտներում։ Նշվել է նաև, որ Հայաստան-Եվրոպական միություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ոլորտային համագործակցությունը հարստացնելու լավ հարթակ է:
Կողմերն անդրադարձել են անվտանգային, քաղաքական և տարածաշրջանային նշանակության հարցերի՝ ընդգծելով, որ առանց կայուն ու տևական խաղաղություն հաստատելու՝ զարգացում ապահովելը դժվար կլինի։
Հանդիպման ավարտին Հայաստանի և Բուլղարիայի նախագահները ստորագրել են Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև երկկողմ հարաբերությունների մասին հայտարարություն։ Այնուհետև ստորագրվել է Հայ-բուլղարական առևտրի և տնտեսական պալատ հիմնադրելու մասին հուշագիր․ հայկական կողմից այն ստորագրել է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ