ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կտրականապես մերժել է, Ադրբեջանի հետ վերջին պատերազմից հետո, Կովկասի հարավային հատվածներում նոր միջանցքների ստեղծման ծրագրերը: Նա այս մասին ասել է իրանական Tasnim գործակալությանը տված հարցազրույցում:
Գրիգորյանն ասել է, որ «Լեռնային Ղարաբաղում վերջին պատերազմը ճանապարհ է հարթել տարածաշրջանում ահաբեկիչների ներկայության համար»:
«Մենք միշտ զգուշացրել ենք ուրիշներին այս հարցերի վերաբերյալ: Բայց Հայաստանի տված այս նախազգուշացումները չօգնեցին կանխել ահաբեկիչներին ու զինված անձանց մուտքը տարածաշրջան»,-ասել է պաշտոնյան:
Գրիգորյանը նշել է, որ «տարածաշրջանի ճանապարհների և տնտեսական ուղիների ապաարգելափակման հարցը նշված է նոյեմբերյան հայտարարության մեջ և քննարկվել է նաև հունվարի 11-ին Ռուսաստանում Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպմանը»:
«Ես ուզում եմ վստահորեն ընդգծել, որ ոչ երկու հայտարարություններում, ոչ հանդիպումներին որևէ անդրադարձ չի կատարվել միջանցքին», – հայտարարել է հայ պաշտոնյան:
ԱԽ քարտուղարի խոսքով՝ «Ադրբեջանը, հակառակը, մի քանի անգամ հայտարարել է, որ միջանցքի ստեղծումը վիճարկվել է»:
«Ցանկանում եմ հստակեցնել, որ Հայաստանը երբեք միջանցքի վերաբերյալ որևէ բան չի առաջարկել և չի առաջարկի, և նա երբեք միջանցքի վերաբերյալ բանակցություններ չի վարել և չի վարի», – ընդգծել է Գրիգորյանը՝ նշելով, որ իր գործընկերների հետ հանդիպումներում կրկնել է այս հարցում Երևանի դիրքորոշումը:
Գրիգորյանի խոսքով՝ «Հայաստանում ընտրություններից առաջ և Կապանում նախընտրական քարոզարշավի ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հասկացրել է, որ միջանցքի ստեղծման մասին որևէ խոսք չի լինի»:
Պաշտոնյան նաև հայտնել է Հայաստանի պատրաստակամությունը՝ բացելու իր ուղիները Ադրբեջանի և Թուրքիայի միջև տեղափոխման համար, սակայն ընդգծել է, որ «երթուղիներն ամբողջությամբ գտնվում են Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ներքո»: