«Կոչ ենք անում ՀՖՖ ղեկավարներին ճիշտ գնահատել պահի լրջությունն ու օր առաջ հեռանալ» Ֆուտբոլային ակումբների հայտարարությունը

1.11.2024 - 22:16 դիտում

Ֆան շարժումները պահանջում են Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը։ Միացել են նաև մի շարք ֆուտբոլային ակումբներ։

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Փյունիկ» ՖԱ-ն միանում է իր ֆան շարժման՝ «Սեկտոր 18»-ի պահանջին, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար կազմի հրաժարականի վերաբերյալ:

«Փյունիկ» ՖԱ-ում նաև լիովին համակարծիք են Հայաստանի ազգային հավաքականի ֆան շարժումների` FAF-ի ու Red Eagles-ի, ինչպես նաև այլ ակումբների երկրպագուների բարձրաձայնած հարցերի հետ, ու վստահ ենք, որ երկրպագուների կարծիքը պետք է վճռորոշ լինի, քանի որ ֆուտբոլն, առաջին հերթին, պատկանում է հենց նրանց:

Այնուամենայնիվ, վերջին տարիներին ոչ միայն խիստ մտահոգում են Հայաստանի ազգային հավաքականի ու տարբեր տարիքային հավաքականների ոչ հուսադրող ելույթները, մասսայական ու մանկապատանեկան ֆուտբոլի խնդիրները, այլև հայկական ակումբային ֆուտբոլում տիրող իրավիճակը. իր գործունեությունը դադարեցրած 5 ակումբ,Պրոֆեսիոնալ լիգայի չիրականացած ծրագիր և ՀՊԼ հանդիպումները աշխատանքային օրերին, ժամերին նշանակելու արատավոր շրջանը:

Այսպիսով, Հայաստանում ֆուտբոլը դեգրադացիա է ապրում և՛ ակումբային, և՛ հավաքականի մակարդակով, որի հետևանքով իրավիճակն արդեն դառնում է օրհասական:

Մենք միասնության կոչ ենք անում Բարձրագույն խմբի ներկայացուցիչ ակումբներին և հորդորում չլռել, հրապարակավ գնահատական տալ ՀՖՖ ղեկավարության կատարած աշխատանքին ու հայտնել իրենց դիրքորոշումը»:

Հայտարարությամբ է հանդես եկել նաև «Շիրակ» ֆուտբոլային ակումբը․ «ՀՖՖ ղեկավարությունը պետք է հեռանա ու դա պետք է անի օր առաջ։
Բոլոր ուղղություններով բացարձակ ձախողումներից, ֆան-շարժումների ու հասարակության լայն շերտի հրաժարականի պահանջից հետո անգամ ՀՖՖ գործող վերնախավը հույս ունի պաշտոնավարել։
Իրականության զգացումի կորուստը ՀՖՖ ղեկավարների կողմից ավելի կխորացնի ճգնաժամը հայկական ֆուտբոլում և կարող է հանգեցնի ոչ միայն Պրեմիեր լիգայի ակումբների, այլ նաև նրանց մանկապատանեկան թիմերի առաջնություններից դուրս գալուն։
Կոչ ենք անում ՀՖՖ ղեկավարներին ճիշտ գնահատել պահի լրջությունն ու օր առաջ հեռանալ՝ այդկերպ գոնե նպաստելով հայկական ֆուտբոլի առողջացմանն ու զարգացմանը»։

Հայտարարություններին միացել է նաև«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը։

««Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միանում է Հայաստանի ազգային հավաքականի ֆան ակումբների և Հայաստանի Պրեմիեր լիգայի ֆան ակումբների ֆան շարժումներին, որոնք պահանջում են Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի գործող ղեկավարության հրաժարականը։

Երկար ժամանակ է «Ուրարտու» ՖԱ-ն բազմիցս հայտարարել է ՀՖՖ-ի գործող ղեկավարության ոչ կոմպետենտ աշխատանքի մասին, որը ոչ միայն չի նպաստում Հայկական ֆուտբոլի զարգացմանը, այլ ուղղակիորեն խանգարում է։

Իրավիճակը, որը ստեղծվել է ազգային հավաքականի շուրջ, ինչպես նաև ակումբային ֆուտբոլում ուղիղ կապ ունի ՀՖՖ-ում կայացրած որոշումների հետ․ Անարդյունավետ նշանակում ինչպես ազգային հավաքականի, այնպես էլ տարբեր տարիքային հավաքականների գլխավոր մարզչի պաշտոնում, ԲԿՄԱ-ի գործունեությունը, Հայաստանի Բարձրագույն առաջնության հանդիպումների անընդունելի ձևաչափը (hանդիպումների նշանակումը աշխատանքային, ցերեկային ժամերին), ակումբների և նրանց ակադեմիաների հետ համագործակցության ամբողջական բացակայություն և սա նրանց թույլ տված սխալների կեսն է։

Հասկանալով իրավիճակի քննադատականությունը «Ուրարտու» ՖԱ-ը համարում է, որ ՀՖՖ գործող ղեկավարությունը բարոյապես իրավունք չունի շարունակել ղեկավարել այս կառույցը»։

Հիշեցնենք, որ 2023 թվականի դեկտեմբերի 23-ին կայացավ ՀՖՖ հերթական 24-րդ ժողովը։ Օրակարգի հարցերի թվում էր նաև ՀՖՖ նախագահի ընտրությունը:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում առաջադրվել էին երկու թեկնածուներ՝ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը և Արաս Օզբիլիսը։ Քվեարկության արդյունքում Արմեն Մելիքբեկյանը ստացավ 20 ձայն, իսկ Արաս Օզբիլիսը՝ 3:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ