Կենսաթոշակները և նպաստները կբարձրացվեն․ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն ամփոփել է տարին

Աստղիկ Խաչատրյան 27.12.2021 - 14:17
27.12.2021 - 14:17 դիտում

Այսօրվա  ամփոփիչ ասուլիսի ընթացքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը խոսեց կենսաթոշակների բարձրացումից։

«Բնականաբար, կուզեինք, որ կենսաթոշակային բարձրացումները շատ ավելի մեծ լինեին, ավելի մեծ թիրախային խմբեր ընդգրկեին, բայց յուրաքանչյուր բարեփոխում ելնում է երկրի սոցիալ-տնտեսական վիճակից։ Բայց, հաշվի առնելով բոլոր խնդիրները, մենք մեզ համար կարևոր սկզբունք ենք որդեգրել, որ անպայման պետք է որոշակի բարձրացումներ լինեն, որոնք թեկուզ ոչ էական փոփոխություններ կմտցնեն մարդկանց կյանքում, բայց որոշակիորեն կփոխեն մարդկանց կյանքում սոցիալական խնդիրները։

Մենք հայտարարել ենք, որ բարձրացնում ենք նվազագույն կենսաթոշակը, 26500 դրամից կդառնա 28600 դրամ։ Այս առումով 15700 շահառու կլինի, որ կօգտվի այս բարձրացումներից»,- ասաց Մկրտչյանը։

Նախարարը հիշեցրեց, որ կբարձրացվի նաև պարտադիր ժամկետային զինծառայության շարքային կազմի զինհաշմանդամության թոշակը։ Ըստ հաշմանդամության խմբերի՝ թոշակը կբարձրանա 3000-ական դրամով։

«Համեմատաբար ավելի շատ բարձրացվել է հաշմանդամ երեխա ճանաչված անձի նպաստը։ Այն 26500 դրամից կբարձրանա 37000 դրամի։ Այստեղ ունենք շուրջ 83000 շահառու»,- ասաց Մկրտչյանը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ