Լևոն Քոչարյանի օգնականը խախտել է անհամատեղելիության բովանդակային պահանջները․ ԿԿՀ եզրակացությունը

Աստղիկ Խաչատրյան 16.09.2024 - 19:57
16.09.2024 - 19:57 դիտում

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը եզրակացություն է հրապարակել, որի համաձայն՝ Ազգային ժողովի պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանի կողմից խախտվել են հանրային պաշտոնին օրենսդրությամբ ներկայացվող անհամատեղելիության բովանդակային պահանջները։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ ԿԿՀ-ի ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ Թումանյան փողոցի վրա տեղակայված «Զարկ» ռեստորանը «Էս-Յան» ՍՊԸ-ի կողմից է գործարկվում, որի 100 տոկոս բաժնետերը Աթուր Սուքոյանն է։

Հայտարարագրերի ռեեստրի տվյալների համաձայն՝ Արթուր Սուքոյանը ստանձնել է Լևոն Քոչարյանի վճարովի հիմունքներով օգնականի պաշտոնը 2023 թվականի նոյեմբերի 22-ին։

Արթուր Սուքոյանի ներկայացրած եկամուտների հայտարարագրերում ընկերության բաժնեմասը հավատարմագրային կառավարման հանձնելու վերաբերյալ տեղեկություններ առկա չեն պետական ռեգիստրի գործակալության էլեկտրոնային համակարգում։ Նա հայտարարագրել է աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ՝ 840,500 դրամ՝ ստացված «Էս-Յան» ՍՊԸ-ի կողմից։ Որպես փոխառություն կամ բանկային ավանդ վերջինս հայտարարագրել է 25 հազար ԱՄՆ դոլար և 10 միլիոն ՀՀ դրամ, պարտապանը կրկին «Էս-Յան» ընկերությունն է։

2024 թվականի հունիսի 13-ին ԿԿՀ-ն կայացրել է որոշում՝ Արթուր Սուքոյանի կողմից անհամատեղելիության պահանջների առերևույթ խախտման վերաբերյալ վարույթ հարուցելու մասին։ Որոշումն ուղարկվել է Սուքոյանին, ինչին ի պատասխան նա ներկայացրել է պատասխան-առարկություն, որում ասվում է․

«Իմ կողմից հիմնադրված «Էս-Յան» ՍՊ ընկերությունը 2023թ. սեպտեմբերի 1-ից փաստացի որևէ գործունեություն չի իրականացրել։ Կազմակերպությունը զուտ դե յուրե է շարունակել գոյություն ունենալ, իսկ ես որևէ կերպ ներգրավված չեմ եղել կազմակերպության գործունեությանը, որևէ գործողություն չեմ իրականացրել կազմակերպության գործունեության կազմակերպման և իրականացման համար: Կազմակերպությունը սույն թվականի հուլիսի 8-ին կասեցվել է իմ դիմումի հիման վրա, դադարեցումը անհնար է՝ պայմանավորված վերջինիս պարտավորությունների, այդ թվում՝ դրամական պարտավորությունների առկայության փաստի ուժով: ՍՊԸ կասեցման պարագայում ակնհայտ է, որ իմ կողմից վերացվել են այն ենթադրյալ խախտումները, որոնք առկա էին, ինչով պայմանավորված Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից հայցում եմ իմ նկատմամբ հարուցված վարույթը կարճել»:

ԿԿՀ եզրակացության մեջ նշվում է, որ «Էս-Յան» ՍՊ ընկերությունը 2024 թվականի հուլիսի 3-ի (հարցման պատասխանի ստացման) դրությամբ հանդիսանում է գործող առևտրային կազմակերպություն: 2023 թվականի նոյեմբեր ամսվանից մինչև 2024 թվականի սեպտեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում ընկերությունը հարկային պարտավորությունների մասով պետական բյուջե վճարներ չի կատարել։ Ընկերությունը 2024 թվականի հուլիսի 10-ից անորոշ ժամկետով դադարեցրել է գործունեությունը:

Նշվում է, որ Ազգային ժողովի պատգամավորի օգնականի պաշտոնը հանդիսանում է պետական հայեցողական պաշտոն: «Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները չեն կարող զբաղեցնել իրենց կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որևէ պաշտոն՝ առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից: Արթուր Սուքոյանը պարտավոր էր պաշտոնը ստանձնելուց հետո մեկ ամսվա ընթացքում ընկերության` իրեն պատկանող բաժնեմասը, օրենքով սահմանված կարգով հանձնել հավատարմագրային կառավարման, ինչպես նաև միջոցներ ձեռնարկել ընկերության գործադիր մարմնի ղեկավարի պաշտոնը դադարեցնելու ուղղությամբ:

«Թեև ընկերության գործունեությունը հուլիսի 10-ից (վարույթի ընթացքում) ժամանակավոր դադարեցվել է, ինչպես նաև ընկերությունը հաշվետու ժամանակահատվածում իրացման շրջանառություն չի ապահովել, այնուամենայնիվ, Պետական եկամուտների կոմիտեից ստացված տեղեկատվության համաձայն՝ ընկերությունը հաշվետու ժամանակահատվածում Արթուր Սուքոյանին վճարել է (հաշվարկել է) աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ (աշխատավարձի գծով պարտավորությունը ձևավորվել է հաշվետու ժամանակահատվածում), որպիսի պարագայում, հանձնաժողովը գալիս է այն եզրահանգման, որ Արթուր Սուքոյանը փաստացի աշխատել է ընկերությունում և դրա դիմաց ստացել է (հաշվարկվել է) աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ (հաշվարկվել է փաստացի աշխատած ժամեր)»,-նշվում է հանձնաժողովի եզրակացության մեջ:

Հասմիկ Սարգսյան

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ