Լիխտենշտայնի արքայազնը կգլխավորի դեպի Արցախ մարդասիրական օդային օգնությունը

Աստղիկ Խաչատրյան 28.08.2023 - 20:00
28.08.2023 - 20:00 դիտում

Մարդասիրական օդային միջանցքի մասին լավ լուրեր ունենք: Այս մասին գրում է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

«Լիխտենշտայնի արքայազն Միխաելը պատրաստակամություն է հայտնել գլխավորել դեպի շրջափակված Արցախ մարդասիրական օդային օգնությունը և անձամբ գտնվել մարդասիրական օգնություն բերող օդանավի մեջ:

Մարդասիրական ոլորտի մեր գործընկեր շվեյցարական Impact Investing Solutions ընկերությունն իր կայքում արդեն հրապարակել է մամուլի հաղորդագրություն, որում ասվում է. «Լիխտենշտայնի արքայազն Նորին Վսեմություն Միխաելի հետ միասին աշխարհի այլ առաջնորդներ, պետությունների ներկա և նախկին ղեկավարներ ևս պատրաստ են կենսական անհրաժեշտության ապրանքներն օդային կամուրջով հասցնել Լեռնային Ղարաբաղ, որտեղ 120 հազար մարդ, այդ թվում՝ 30 հազար երեխա, արդեն ութ ամսից ավելի է, ինչ զրկված են սննդից ու դեղորայքից»:

Հիշեցնեմ, որ դեռևս դեկտեմբերին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության անդամներն ու միջազգային մարդասիրական հանրության ղեկավարները կոչ էին արել հրատապ մարդասիրական օդային օգնություն կազմակերպել դեպի Արցախ:

Սա շատ վառ օրինակ է, որ միջազգային դերակատարները պատրաստ են իրական աջակցություն տրամադրել, եթե լիովին տեղեկացված լինեն Արցախում տիրող իրավիճակից: Այս իմաստով ակնհայտ է, որ տեղեկատվական ոլորտում մեր ամենօրյա աշխատանքն արդյունավետ է, և մենք բոլորս պետք է ավելի ու ավելի շատ ջանք գործադրենք, որ աշխարհն իսկապես գիտակցի, թե Արցախում հիմա ինչ է կատարվում, և ինչ կարող է անել նրանցից յուրաքանչյուրը: Դրա համար միջազգային լրագրողները պետք է հնարավորություն ունենան գալ և տեղում համոզվել, որ Արցախում ամենաիսկական մարդասիրական ճգնաժամ է և 120 հազար բնակչության ցեղասպանություն»:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ