Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Միավորված ազգերի կազմակերպության 75-րդ տարեդարձին հանդես է եկել ելույթով, որի տեսանյութն, ինչպես մյուս երկրների առաջնորդներինը, հրապարակվել է ՄԱԿ-ի պաշտոնական կայքում և յութուբյան ալիքում:
«Միավորված ազգերի կազմակերպության 75-րդ տարեդարձը մենք նշում ենք մարդկության համար շատ առումներով դժվար ժամանակներում, ինչն իր ազդեցությունն է թողնում միջազգային հարաբերությունների և այն ընդհանուր ինստիտուտների գործունեության վրա, որոնք ուղղորդում են միջազգային համագործակցությունը՝ հիմքեր ստեղծելով մեր ընդհանուր նպատակների իրականացման համար:
Պետությունների ինքնիշխանությունն, անկախ դրանց չափից և հզորությունից, ավելի լավ է պահպանվում, և ազգային շահերն ավելի լավ են սպասարկվում ներկայիս համակարգում, երբ կա հարգանք միջազգային իրավունքի, այդ թվում՝ ՄԱԿ-ի կանոնադրության նկատմամբ:
Միավորված ազգերի կազմակերպությունը կոչված է փարատելու միջազգային հարաբերություններում մշտապես առկա երկվությունը, որն արտահայտվում է պետությունների բնական եսասիրության և համագործակցության հավասարապես բնական անհրաժեշտության մեջ:
Միավորված ազգերի կազմակերպությունն ապացուցեց իր կենսունակությունը` այս երկու թվացյալ անհամատեղելի հասկացությունները փոխակերպելով ինքնիշխան պետությունների արդյունավետ գլոբալ համակարգի` միավորելով դրանք ընդհանուր արժեքներով և սկզբունքներով, կիսելով ապագայի ընդհանուր տեսլականը և ունենալով համագործակցության ընդհանուր ինստիտուտներ կառուցելու վճռականություն:
Արդյունավետորեն իրականացնելով ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը՝ ՄԱԿ-ը ծննդյան վկայականներ է տվել կամ օգնել է վերականգնել ավելի քան 100 ազգերի ինքնիշխանությունը: Շատ ժողովուրդներ, ինչպես երբեք մարդկության պատմության մեջ, հնարավորություն ստացան իրենց մասնակցությունը բերել համաշխարհային գործերին և իրացնել իրենց զարգացման ներուժը՝ ընթանալով բարգավաճման ուղով:
Ոմանք կարող են ենթադրել, որ այս գործընթացն ավարտվել է Սառը պատերազմի ավարտով: Բայց դա միայն պատրանք է: Ինքնորոշման իրավունքի մերժումը կարող է միմիայն հանգեցնել բռնաճնշման և նոր բռնությունների: Դա խորապես կհակասեր Միավորված ազգերի կազմակերպության հիմնարար արժեքներին և միջազգային աշխարհակարգի պատմական էվոլյուցիային: Վերջին երկու տասնամյակների ընթացքում մի շարք պետությունների ի հայտ գալն այդ միտման լավագույն վկայությունն է:
ՄԱԿ-ի համակարգի համար մեկ այլ հիմնարար արժեք է միջազգային հարաբերություններում սպառնալիքի կամ ուժի կիրառման արգելումը, որը գլոբալ խաղաղության և անվտանգության պահպանման հենասյունն է և կայուն զարգացման գլխավոր նախապայմանը:
Գլոբալ մարտահրավերները երբեմն սասանում են միջազգային համերաշխության և անհատական շահի միջև առկա հավասարակշռությունը, երկմտություն և նույնիսկ հիասթափություն են առաջացնում միջազգային հաստատությունների նկատմամբ, ինչի մասին են նաև վկայում Covid-19 համաճարակով պայմանավորված իրավիճակը և դրա ծանր սոցիալ-տնտեսական հետևանքները:
ՄԱԿ-ի համար առանցքային նշանակություն ունեցող արդյունավետ բազմակողմանիությունը կարևոր դերակատարություն ունի գլոբալ և տարածաշրջանային մարտահրավերների լուծման գործում:
Բազմակողմանիությունը զուտ թվաբանություն չէ երկուսից ավելի կողմերի ներգրավվածության հաշվարկի համար: Այն սկզբունք է, փոխադարձ հարգանքի, փոխվստահության գաղափարախոսություն և համաձայնության մշակույթ:
Նմանապես, ՄԱԿ-ը սոսկ իր 193 անդամների հանրագումարը չէ: Այն ավելին է, քան ազգային շահերը ներկայացնելու ընդհանուր հարթակ: Այն նաև շրջանակ էՙ ընդհանուր հետաքրքրություններ ձևավորելու, միմյանց լսելու և յուրաքանչյուրի ձայնին ականջալուր լինելու համար:
ՄԱԿ-ը նաև մարդու իրավունքների պաշտպանության և դրանց կիրառման համընդհանուր գործիք է: Հնարավոր չէ անվտանգություն կառուցել առանց մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի:
Այսօր, ինչպես և 75 տարի առաջ, ՄԱԿ-ի հիմնական խնդիրն է՝ ապահովել խաղաղություն և խթանել համերաշխությունն ու համագործակցությունը հանուն կայուն զարգացման նպատակների:
Այս դժվար ժամանակներում, աշխարհի չորս ծագերում, այդ թվում՝ մեր տարածաշրջանում, անխոհեմ ռևիզիոնիստները փորձում են օգտվել միջազգային կարգի նշմարվող թուլությունից՝ իրական վտանգ ներկայացնելով միջազգային խաղաղության և անվտանգության համար: Պատմական իրողությունների սոցիալական ինժեներիան և նույնիսկ այլոց քաղաքակրթական ժառանգության յուրացումը դառնում են սովորական երևույթ:
Դա ևս մեկ ազդանշան է առ այն, որ մենք պետք է վերականգնենք արդյունավետ բազմակողմանիությունը` միջազգային հանրությանը տալով հզոր ինստիտուցիոնալ ողնաշար, որպեսզի այն առավել դիմացկուն դառնա համամոլորակային մարտահրավերների նկատմամբ:
Ինչպես ժամանակին գրել է Ժան Ժակ Ռուսոն, «մեր իսկ սահմանած օրենքին ենթարկվելն ազատություն է»:
Շնորհավորելով բոլորիս՝ տարեդարձի կապակցությամբ, ցանկանում եմ վերահաստատել Հայաստանի հանձնառությունը՝ միանալու միջազգային հանրության ջանքերին, որոնք միտված են ավելի լավ աշխարհակարգի հաստատմանը՝ հիմնված միջազգային իրավունքի, ազատության և արդարության համընդհանուր արժեքների վրա»,-ասել է ՀՀ վարչապետը: