ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը հակված է Ընտրական օրենսգրքում ամբողջապես համամասնական համակարգին անցում կատարելու փոփոխություններն ընդունել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
««Իմ քայլը» խմբակցությունը հակված է Ընտրական օրենսգրքում ամբողջապես համամասնական համակարգին անցում կատարելու փոփոխություններն ընդունելուն և համամասնական ընտրակարգով արտահերթ ընտրություններին գնալուն: Այս պահին քննարկումներ են ընթանում»,-ասաց Մակունցն ու հավելեց՝ քննարկումներից հետո իրենց դիրքորոշումը կհայտնեն:
Քննարկումը ներառում է տարբեր սեգմենտներ: Մակունցի վստահեցմամբ՝ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների մասին փաթեթը եղել է բավականին ներառական, մասնակցություն են ունեցել տարբեր ուժեր:
Անդրադառնալով հարցին, թե կփոխեն միայն ընտրակա՞րգը և անցում կկատարեն ամբողջությամբ համամասնականի՞, թե՞ այլ փոփոխություններ էլ կընդունվեն՝ Մակունցն ասաց. «Ընտրական օրենսգրքի փոփոխությունները բավականին մեծ փոփոխություններ են ենթադրում, և այդ հատվածով նույնպես պետք է որոշում կայացնել, նաև փոփոխությունները պետք է իրատեսական լինեն առաջիկա արտահերթ ընտրությունների համար»:
Անդրադառնալով ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի դիտարկմանը, որ եթե Ընտրական օրենսգրքում փոփոխություններ արվեն, ԼՀԿ-ի հետ պայմանավորվածությունները ջուրը կընկնեն, Մակունցն ասաց, որ եթե հասկանան, թե պայմանավորվածությունն ինչ է ամբողջապես ներառում, այդ ժամանակ կմեկնաբանի:
Մակունցը նշեց նաև, որ նախընտրական ցուցակը կգլխավորի Նիկոլ Փաշինյանը: Ցուցակի մասին այլ քննարկումներ և հրապարակումներ անելը դեռ վաղ համարեց:
Հայաստանում հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 18-ին Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից, ավելի վաղ Հայաստանի Հանրապետության նախագահի, «Իմ քայլը» խմբակցության, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ ունեցած քննարկումներից հետո: