Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը Լեռնային Ղարաբաղում վերսկսված լայնածավալ ռազմական գործողությունները նախորդներից շատ ավելի բարդ է համարում, քանի որ այս անգամ հակամարտության մեջ ներգրավված է Թուրքիան, որը հանդես է գալիս որպես Ադրբեջանի դաշնակից: Ռուսական «Առաջին ալիք»-ի «Մեծ խաղ» հաղորդաշարի տաղավարում Զատուլինը նշել է, որ Թուրքիան Ադրբեջանից ավելի շուտ է ասում, թե ինչ պետք է անել:
«Հիշեցնեմ, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարությունը միանգամից մերժվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից, մինչդեռ այդ ժամանակ չէր հասցրել արտահայտվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Էրդողանը հայտարարել էր, որ պետք չէ կրակը դադարեցնել»,- նշել է Զատուլինը:
ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրենի կարծիքով` ցինիկ է, երբ զենք է մատակարարվում երկու կողմերին, ավելի ցինիկ է, երբ զենք է մատակարարվում մի կողմին: «Եվ այս դեպքում հենց դրանով էլ զբաղվում են Թուրքիան և Իսրայելը, որոնք մատակարարում են (Ադրեջանին- խմբ.) ավելի շատ զենք, քան Ռուսաստանը: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, Ռուսաստանը պահպանում էր բալանսը տարածաշրջանում: Այդ բալանսը խախտվել է, և դա է ռազմական գործողությունների վերսկսման պատճառը»,- ընդգծել է Զատուլինը:
Ռուսաստանի Պետդումայի պատգամավորը մեծ հույս ունի, որ, չնայած նրան, որ ինչպես հաճախ է լինում, Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությունից հետո արձանագրվում են փոխհրաձգություններ և կողմերը միմյանց մեղադրում են խախտումների մեջ, ամեն դեպքում կրակի դադարեցման համաձայնությունը և խաղաղ բանակցությունների դաշտ տեղափոխումը կյանք կստանա և, ի վերջո, կստիպի չեղարկել ռազմական ծրագրերը: