«Չորրորդ դարի եկեղեցի է հայտնաբերվածը, որն իսկական մշակութային գանձ է, գոհար է, ադամանդ»,- 2017 թվականից մինչ օրս Հոռոմ գյուղի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու մասին խոսելիս հպարտորեն պատմում է գյուղի հոգեւոր հովիվ Տեր Վիգեն քահանա Ղազարյանը։ 2017 թվականից, որովհետեւ հենց այդ ժամանակ է փոխվել կամ ճշգրտվել եկեղեցու պատմությունը։
Շիրակի մարզի Հոռոմ գյուղի եզակի եռանավ բազիլիկ Սուրբ Հռիփսիմե եկեղեցին միշտ է եղել ոչ միայն Արթիկի, այլեւ ամբողջ տարածաշրջանի հավատավորների սիրելի ուխտատեղին։ Եկեղեցին խոնարհված է անցած դարասկզբից։
Ըստ Սուրբ Հռիփսիմեի պատին փորագրված տեղեկության՝ այն 1861 թվականի կառույց է, բայց փաստը խիստ վիճարկելի է, քանի որ եռանավ բազիլիկ եկեղեցիներ կառուցում էին վաղ միջնադարում։ Այստեղ կան գաղտնի անցուղիներ, վաղ միջնադարյան ճարտարապետությանը հատուկ սյուներ ու կամարներ, հետեւաբար այն չէր կարող կառուցված լինել 1861-ին։
Տեր Վիգենը դա վերականգնման տարեթիվ է համարում։ «Ղեւոնդ Ալիշանի «Շիրակ» տեղագրությունից, որը ենթադրաբար գրվել է 1861-ից ավելի վաղ, հիշատակվում են Հոռոմ գյուղն ու եկեղեցին։ Դրանից բացի՝ այն շատ նման է Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցուն, որը նույնպես եռանավ կառուցվածք ունի, իսկ ճարտարապետության մեջ այս ոճը հիմնականում 4-րդ դարին է վերագրվում»,- պնդում է Տեր Վիգենը։
Հոռոմի համայնքապետարանի գլխավոր մասնագետ Սերգեյ Ալեքյանը նույնպես վկայակոչում է Ալիշանին․ «Ղեւոնդ Ալիշանի մոտ հիշատակվում է Հոռոմոսի վանքը, հեղինակը նկարագրում է շրջակայքը, որն անվրեպ համապատասխանում է այժմյան եկեղեցու տարածքին»։
Միջնադարի հետքեր են համարվում նաեւ տանիքին պահպանված բազմաթիվ սափորները, որոնք ունեցել են ջերմամեկուսիչ եւ ձայնամեկուսիչ գործառույթներ։
Երաժշտագետ Հասմիկ Հարությունյանի կարծիքով սափորների հիմնական նպատակը ձայնադարձի ճիշտ կազմակերպումն է, որ հոգեւոր խոսքն ու երաժշտությունը լիարժեք հասանելի լինեն հավատավորին։
2017 թվականին մշակույթի նախարարութունը սկսեց խոնարհված եկեղեցու վերակառուցման եւ նորոգման ծրագիր։ Սյուներն ամրացնելու համար եկեղեցու կենտրոնում փորված փոսում անակնկալ երեւաց հավասարաթեւ խաչերով եկեղեցի, որն էլ վկայում էր, որ շինությունը 4-րդ դարում է կառուցվել։
Այդ օրվանից շինարարությունը կանգ առավ՝ հարցին խորքային ու սպառիչ լուծում գտնելու նպատակով, իսկ 4-րդ դարի վանքի գտածոներն անխնամ մնացին բաց երկնքի տակ։ Հոռոմցիները մտահոգ են, որ շինաշխատանքները չեն շարունակվում, ասում են՝ ուրիշ երկրներում այսպիսի բան գտնեին, միանգամից աշխարհով մեկ կանեին, իսկ մեր հարստությունը անձրեւի ու արեւի տակ քայքայվում է։
Հոռոմի համայնքապետ Աշոտ Պասկեւիչյանը նշում է, որ 2100 բնակիչ ունեցող գյուղի համար կարեւոր է եկեղեցի ունենալը, եկեղեցական ծիսակարգերը տեղում անելը, բացի այդ՝ տարածաշրջանի ամենամեծ բազիլիկ եկեղեցին ու նորահայտ 4-րդ դարի մատուռը գյուղը կարող են դարձնել զբոսաշրջային կենտրոն։
Եկեղեցու կառուցման հետագա ընթացքին ծանոթանալու համար դիմեցինք Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանին։ Նա տեղեկացրեց, որ վերակառուցման պատվիրատուն մշակույթի նախարարությունն է եղել, վերանորոգման գումարը հատկացվել է պետական բյուջեից՝ հիմք ընդունելով հրատապ ծրագրերի շրջանակում մարզպետարանի ներկայացրած նախագիծը։
«2019 թվականին էլ ոչ մեծ ծավալի աշխատանքներ կատարվեցին ու դադարեցին, առայժմ պետական բյուջեով ոչ մի հատկացում չկա»,- տեղեկացրեց Մարգարյանը։
Տեր Վիգենն ամեն օր սպասում է լավ լուրի, հույսով, որ մի երկու պատ ցանցապատելուց ու ճաղապատելուց հետո գործն ավելի լուրջ փուլ կմտնի։ Նա նույնիսկ ճարտարապետական յուրօրինակ լուծում է գտել եւ խորհուրդ է տալիս գետնափոր եկեղեցու առաստաղն ու Սուրբ Հռիփսիմեի հատակը բաժանել հաստ, ամուր ապակիով։
«Ներքեւում էլ լուսավորություն կանցկացվի։ Հրաշք բան կստացվի։ Ես առաջարկում եմ, բայց չգիտեմ՝ կընդունվի՞ համապատասխան մարմինների կողմից, թե՞ ոչ»,- ասում է հոգեւոր հովիվը։
Մինչ հնագետները, պատմաբաններն ու համապատասխան գերատեսչությունները հապաղում են, եկեղեցին ու գետնափոր կառույցը փրկելն օր օրի ավելի է դժվարանում։
Նյութի աղբյուրը՝ Aliqmedia.am: