Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր
վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում նույն օրը ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում, իրականացված ծավալուն վարութային, ապացուցողական գործողությունների արդյունքում, պարզվել են դեպքի մի շարք էական հանգամանքներ։
Մասնավորապես, փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Հ․ Ե․-ն, տվյալ մարտական դիրքում որպես դիտորդ ընդգրկված լինելով մարտական հերթապահության, 2024
թ․ օգոստոսի 27-ից մինչև սեպտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում, տարբեր օրերի, խախտելով զինվորական հարգանքի, վարքի, կարգուկանոնի և կարգապահության հետ կապված զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային մի շարք կանոններ, անձնակազմի ներկայությամբ, պարբերաբար նվաստացրել է նույն մարտական դիրքում որպես դիտորդ ծառայության ընդգրկված զինծառայող Է․ Ալեքսանյանի անձնական պատիվն ու արժանապատվությունը, հնչեցրել հայհոյանքներ, հարվածել։
Է. Ալեքսանյանը, հայտնվելով անելանելի վիճակում, 2024 թ. սեպտեմբերի 2-ին՝ ժամը 09:45-ի սահմաններում, նույն մարտական դիրքում, դիտորդի պարտականությունները կատարելու ընթացքում, «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգով մեկ կրակոց է արձակել կզակի շրջանում և ինքնասպան եղել:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Հ․ Ե․-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, և նրա նկատմամբ, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը:
Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: