Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը մինչ օրս հավաքել է 72 միլիարդ դրամ

Աննա Կոստանյան 22.04.2022 - 15:23
22.04.2022 - 15:23 դիտում

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից (ԶԱՀ) տեղեկացնում են՝ հիմնադրամը մինչ օրս հավաքել է 72 միլիարդ դրամ, որից՝

· 60,9 միլիարդը՝ պարտադիր վճարների տեսքով,

· 11 միլիարդը՝ նվիրաբերությունների տեսքով՝ աշխարհի ավելի քան 70 երկրից։

Այս պահին ԶԱՀ-ն ունի 4760 շահառու, որից 4343-ն ավելացել է 44-օրյա պատերազմից հետո։ ԶԱՀ-ը շարունակում է իրականացնել հատուցումներ:

Ընդհանուր 4760 շահառուից զոհված են 3998-ը, անհայտ բացակայող՝ 152-ը, հաշմանդամություն ձեռք բերած՝ 610-ը։ Այս պահի դրությամբ ԶԱՀ-ը կատարել է 59 միլիարդ ՀՀ դրամի հատուցում։

Ապրիլի 24-ին ընդառաջ ԶԱՀ-ի «Ի հիշատակ» նվիրաբերության տեսակը դառնում է Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հարգելու և նշանավորելու տարբերակ։ Նահատակների սերունդները կարող են նվիրաբերություն կատարել ի հիշատակ իրենց նախնիների, ինչպես նաև յուրաքանչյուր հայ՝ ի հիշատակ մեր բոլոր զոհերի՝ դրանով նաև կանգնելով իրենց կյանքն ու առողջությունը մեր հայրենիքի և բոլորիս համար չխնայած զինծառայողների և նրանց ընտանիքների կողքին։

Նվիրաբերություն կատարել հնարավոր է՝ այցելելով http://www.1000plus.am, գլխավոր էջից ընտրելով «Նվիրաբերություն» բաժնի «Ի հիշատակ» նվիրաբերության տեսակը:

ԶԱՀ-ը տրամադրում է.

Միանվագ 10 միլիոն ՀՀ դրամ զոհված և անհայտ բացակայողների ընտանիքներին, ինչպես նաև զինհաշմանդամության 1-ին խումբ ունեցող զինվորներին, այնուհետև 20 տարի շարունակ ամսական 200 000 – 300 000 ՀՀ դրամ:

Միանվագ 5 միլիոն ՀՀ դրամ զինհաշմանդամության 2-րդ խումբ ունեցող զինվորներին, այնուհետև 20 տարի շարունակ ամսական 100 000 – 200 000 ՀՀ դրամ:

Ամսական վճարների տարբերությունը պայմանավորված է դեպքը տեղի ունենալու պահին զինծառայողի զորքերի կազմից։

Ի հավելումն վերը նշված ամսական վճարների՝ շահառուն իրավասու է ստանալ 100 000 ՀՀ դրամ ամսական լրավճար, եթե ընտանիքում կան 3 և ավելի անչափահաս երեխաներ։

0 մեկնաբանություն
1

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ