Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023 թթ. ծրագրերի, այդ թվում՝ միանվագ դրամական աջակցության, կանխավճարի ապահովագրության և երեխայի ծննդյան աջակցության ծրագրերի շրջանակում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ պայմանագիր կնքած բանկեր կամ վարկային կազմակերպություններ դիմած, ինչպես նաև երեխայի ծննդյան աջակցության ծրագրի շրջանակում նախարարություն դիմած քաղաքացիներին աջակցության տրամադրման գործընթացն ապահովելու նպատակով կառավարությունն ընդունել է որոշում:
Հաշվի առնելով սեպտեմբերի 1-ի դրությամբ ծրագրերի համար դիմողների թվի աննախադեպ աճը և փաստացի ցուցանիշների հիման վրա կատարված կանխատեսումները՝ 2022 թ. երրորդ եռամսյակի համար կպահանջվի ևս 200 մլն դրամ շուրջ 280 (45-ը՝ միանվագ դրամական աջակցության ծրագրով, 65-ը՝ կանխավճարի ապահովագրության ծրագրով, 170-ը՝ երեխայի ծննդյան աջակցության ծրագրով) շահառուի վճարում իրականացնելու համար։
Ըստ հիմնավորման՝ 2022 թ. ծրագրերի շրջանակում սեպտեմբերի 1-ի դրությամբ աջակցություն է ստացել 1669 շահառու, որից 296-ը միանվագ դրամական աջակցության ծրագրով (256,767,291 դրամ), 464-ը կանխավճարի ապահովագրության ծրագրով (24,744,026 դրամ), 909-ը՝ երեխայի ծննդյան աջակցության ծրագրով (916,035,335 դրամ)։ 2022 թ. հուլիսին ստացվել են աննախադեպ թվով դիմումներ և աջակցություն է ստացել 504 շահառու, որոնց վճարվել է 397,695,316 դրամ, այդ թվում՝ 92 շահառուի միանվագ դրամական աջակցության ծրագրի շրջանակներում վճարվել է 84,950,743 դրամ, 116 շահառուի կանխավճարի ապահովագրության ծրագրի շրջանակներում վճարվել է 6,283,798 դրամ, 296 շահառուի երեխայի ծննդյան աջակցության ծրագրի շրջանակներում վճարվել է 306,460,775 դրամ։
2022 թ. ավելացել են նաև միաժամանակ մեկից ավելի երեխաների ծնունդով պայմանավորված դիմումները, ինչպես նաև 3-րդ երեխայի ծնունդով պայմանավորված դեպքերը, երբ շահառուի տարիքը չի գերազանցում 30-ը, որոնց դեպքում աջակցության չափը կազմում է մինչև 4 մլն դրամ։ Մասնավորապես, սեպտեմբերի 1-ի դրությամբ 15 շահառու աջակցություն է ստացել միաժամանակ մեկից ավելի երեխաների ծնունդի կապակցությամբ, վճարվել է շուրջ 34 մլն դրամ, իսկ 3-րդ երեխային ծնունդով պայմանավորված դեպքերը, երբ շահառուի տարիքը չի գերազանցել 30-ը կազմում են 26, վճարվել է շուրջ 71 մլն դրամ։
Աննախադեպ շատ են նաև 3-րդ և հաջորդ երեխայի ծննդով պայմանավորված դիմումները, որոնց շրջանակներում 2022 թվականին աջակցություն է ստացել 304 շահառու, վճարվել է 602,855,760 դրամ։