ԵՄ-ն Հայաստանին 270 մլն եվրո կտրամադրի. քննարկվել են եվրոպական կառույցների հետ իրականացվող ծրագրերը

Աննա Կոստանյան 5.11.2024 - 17:57
5.11.2024 - 17:57 դիտում

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների՝ նոյեմբերի 5-ի համատեղ նիստում քննարկվել են Հայաստանի՝ եվրոպական կառույցների հետ իրականացվող ծրագրերը, գալիք տարվա բյուջեի նախագծով նախատեսված հատկացումները:

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ 2025 թվականի բյուջեի նախագծով Եվրամիության հետ նախատեսված է իրականացնել 2 դրամաշնորհային ծրագիր՝ 13,8 մլն եվրո գումարով. առաջինը «Աջակցություն Հայաստանում դատական ոլորտի բարեփոխումների իրականացմանը» (երկրորդ փուլ), որի գումարը կազմում է 4,5 մլն եվրո եւ «Հայաստանում ԵՄ աջակցությունը կրթությանը» 9,3 մլն եվրո գումարով: Ներկայում քննարկումներ են ընթանում ԵՄ-ի հետ եւ հնարավոր է 2025 թվականին ստանալ նաեւ 25 մլն եվրո բյուջետային աջակցություն:

Նախարարը տեղեկացրել է, որ եվրոպական կառույցների հետ իրականացվում են մի շարք վարկային ծրագրեր, որոնք Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության բյուջեում նախատեսված են 18,5 մլրդ դրամի չափով: Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է պարզաբանումներ «Հյուսիս-հարավ» ճանապարհային հատվածին վերաբերող ծրագրի իրականացման, մի շարք կառույցներից, բանկերից ու ծրագրերից նախատեսվող հատկացումների վերաբերյալ:

«Վերջին տարիներին կտրուկ մեծացել է միջազգային համագործակցության ընդհանուր պորտֆելը, եւ աշխատանքներ պետք է իրականացվեն կարողությունների, ներուժի զարգացման ուղղությամբ»,- նշել է նախարարը:

ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդգծել է, որ 2024 թվականը ԵՄ-Հայաստան գործընկերության օրակարգն առաջ մղելու տեսանկյունից աննախադեպ տարի էր: Նրա խոսքով արդեն սկսվել են բանակցությունները ԵՄ-ի հետ մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման շուրջ, շարունակվում է առաջնային՝ անվտանգության ոլորտում ԵՄ-ի հետ համագործակցությունը: 2025 թվականի ընթացքում ծրագրվում է անցկացնել Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով նախատեսված որոշ կանոնադրական մարմինների, Հայաստան-ԵՄ գործընկերության, Առեւտրի հարցերով գործընկերության, Խորհրդարանական գործընկերության կոմիտեների նիստեր:

Անդրադառնալով 2025 թվականին իրականացվելիք մի շարք ծրագրերի՝ զեկուցողը տեղեկացրել է, որ «Դիմակայունություն եւ աճ» ծրագրի շրջանակում նախատեսվում է Հայաստանին տրամադրել 270 մլն եվրո գումար: Համագործակցությունը շարունակվելու է նաեւ Արեւելյան գործընկերության շրջանակում: Պարույր Հովհաննիսյանը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ անդրադառնալով միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտական ոլորտում մասնագետների վերապատրաստմանը, ԵՄ անդամ երկրներում տնտեսական կցորդների գործունեության ակտիվացմանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ