Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովին է ներկայացրել Գյումրիում «Չոր նավահանգիստ» և Արարատում Արդյունաբերական պարկ կառուցելու նախագիծը:
Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ լավ մասնագետների ներգրավմամբ նախատեսվում է ստեղծել միջավայր, որտեղ ընկերությունների համար հարմարավետ կլինի աշխատել, իսկ արտադրանքը կարտահանվի ԵԱՏՄ կամ երրորդ երկրներ։
Նախարարը շեշտել է, որ երկաթուղային կապը նշված նախագծի իրագործման պարտադիր մաս է կազմում։
Ալեքսեյ Մելնիկովը գաղափարը հետաքրքիր է համարել` նշելով, որ Գյումրիի կայարանն ունի մեծ թողունակության հնարավորություններ, ինչը կարելի է օգտագործել նախագծի իրագործման ժամանակ։
Նախարարը նաև առաջարկել է դիտարկել հայ գործարարների կողմից ներկայացված պահանջարկը՝ կազմակերպել երկաթուղով կցորդներով փոխադրումներ՝ բեռնատարներ, ավտոբուսներ տեղափոխելու համար։
Ի պատասխան Ալեքսեյ Մելնիկովը պատրաստակամություն է հայտնել վերջիններիս հետ առանձին-առանձին քննարկել տրանսպորտային լոգիստիկ սխեմաները։
Վահան Քերոբյանը խոսել է նաև գերարագընթաց գնացքներ ունենալու հնարավոր հեռանկարի մասին՝ շեշտելով, որ դրանց առկայությունը կտրուկ կավելացնի զբոսաշրջիկների հոսքը Հայաստան։ Ալեքսեյ Մելնիկովը նշել է, որ խնդիրը դժվար լուծելի է լեռնային բարդ ռելիեֆի պատճառով, այն նաև շատ ծախսատար է, սակայն ոչ անհնար։