Գերմանիայի կառավարությունը որոշել է ապահովել ավելի շատ երկրների քաղաքացիների անարգել մուտքը երկիր՝ համաձայն ԵՄ խորհրդի վերջին առաջարկության: ԵՄ անդամ պետություններին խորհուրդ է տրվում աստիճանաբար թույլատրել համաճարակաբանորեն անվտանգ երրորդ երկրների բնակիչների մուտքը միության տարածք՝ տեղեկացնում է schengenvisainfo-ն:
Հուլիսի 3-ին Գերմանիայի ներքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որի համաձայն՝ հուլիսի 4-ից մի շարք պետությունների քաղաքացիներ զբոսաշրջության նպատակով իրավունք կունենան մուտք գործել Գերմանիա:
Դրանք են Հայաստանը, Ադրբեջանը, Բոսնիա և Հերցեգովինան, Բրունեյը, Հորդանանը, Կանադան, Կատարը, Կոսովոն, Մոլդովան, Չեռնոգորիան:
«Յուրաքանչյուր ոք, ով բնակվում է այս երկրներից մեկում, կարող է Գերմանիա մուտք գործել առանց ճանապարհորդության կարևոր պատճառի և անկախ պատվաստման կարգավիճակից»,- նշում է նախարարությունը:
Միացյալ Թագավորությունը հերթական անգամ դուրս է մնացել ցուցակից` հիմնականում իր տարածքում կորոնավիրուսի «Դելտա» տեսակի տարածման պատճառով:
Հունիսի 25-ից Գերմանիան թույլ է տալիս երկիր մուտք գործել երրորդ երկրների զբոսաշրջիկներին՝ պատվաստված կորոնավիրուսի պատվաստանյութերից մեկով, որը հաստատվել է Եվրոպական դեղերի գործակալության (EMA) կողմից (Pfizer, Moderna, AstraZeneca և Janssen), նույնիսկ ոչ էական ճանապարհորդությունների համար, եթե նրանց պատվաստումից անցել է 14 օր:
Բրիտանացի ճանապարհորդները չեն կարողացել օգտվել նաև մուտքի միջոցառումների այս դյուրացումից, քանի որ Գերմանիան որոշում է կայացրել պահպանել մուտքի արգելքը վիրուսի տարբեր տեսակներ ունեցող երկրների, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի համար:
Գերմանիան Եվրոպայում կորոնավիրուսից ամենաշատ տուժած երկրներից մեկն է, մինչև այժմ գրանցվել է ընդհանուր առմամբ 3,729,682 դեպք: Այնուամենայնիվ, Առողջապահության համաշխարհային կազմակերպության վիճակագրությունը ցույց է տալիս, որ Գերմանիան այժմ վերահսկում է իրավիճակը, վերջին 24 ժամվա ընթացքում երկրում հաստատվել է ընդամենը 649 դեպք: