Գարեգին Բ-ի եղբայրն ու եղբորորդին ձերբակալվել են. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

3.11.2025 - 00:17 դիտում

Գարեգին Բ-ի եղբայրը և եղբորորդին ձերբակալվել են: Այս մասին հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը Ֆեյսբուքի իր էջում:

Փաստաբանը հայտնել է՝ այսօր քննչական մարմինը 68-ամյա Գևորգ Ներսիսյանինին և որդուն՝ Համբարձում Ներոիսյանին, կալանավորման նպատակով դատարան տանելու համար ձերբակալելու որոշում է կայացրել:

Նրա խոսքով՝ Ներսիսյանները մեղադրվում են խուլիգանության և քարոզչությանը խոչընդոտելու արարքներ կատարելու մեջ:

Ավելի վաղ Վաղարշապատ խոշորացված համայնքում «Հանրապետություն» կուսակցության թեկնածու Հարություն Մկրտչյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում էր արել, որում հայտնել էր, որ նոյեմբերի 1-ին՝ ժամը 16:10-ի սահմաններում, Գևորգ Ներսիսյանը իր որդիների հետ Վաղարշապատ խոշորացված համայնքի Ոսկեհատ բնակավայրում խոչընդոտել է իր քաղաքական թիմի քարոզարշավի անցկացմանը:

«Սույն լեգեոներները նպատակադրված խոչընդոտում էին մեր քաղաքական թիմի օրինական նախընտրական քարոզարշավի անցկացմանը տվյալ բնակավայրում, հրահրում էին բաց և սուր կոնֆլիկտ մեր քաղաքական թիմի անդամների հետ, սադրում էին մեր քաղաքական թիմին հայհոյանքների և անվանարկումների դիմելով՝ առանց հաշվի առնելու անգամ տարիքային ցենզ ու գենդերային պատկանելություն»,- գրել է Մկրտչյանը:

Քննչական կոմիտեից 1lurer.am-ին հայտնեցին, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում 2 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենագրքի 211-րդ հոդվածով (քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը):

Վերջիններս ձերբակալվել են:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ