Բոլոր բարեփոխումների իմաստը և նպատակը պատժի կրման հստակ ստանդարտ սահմանելն է. ՀՀ վարչապետ

Աննա Կոստանյան 7.03.2023 - 16:38
7.03.2023 - 16:38 դիտում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայություն, ծանոթացել կառույցի 2022 թվականի կատարողականին, գործունեության արդյունքներին և առաջիկա ծրագրերին:

Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սարգիս Թորոսյանը, Ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը, Քրեակատարողական ծառայության ղեկավար Սերգեյ Ատոմյանը, պաշտոնատար անձինք:

Վարչապետին նախ ներկայացվել են 2022 թվականին կատարված շինբարեկարգման աշխատանքները: Ըստ զեկույցի, նախորդ տարվա ընթացքում քրեակատարողական հիմնարկներում կատարվել են երկու անգամ ավելի մեծ ծավալի շինբարեկարգման աշխատանքներ, քան նախորդ հինգ տարիները միասին վերցված, ըստ այդմ՝ 2017-2021թթ. իրականացվել է 545 մլն 613 հազար դրամի, իսկ 2022-ին՝ 1 մլրդ 289 մլն 959 հազար դրամի: Ներկայացվել են նաև ՔԿՀ շենքային պայմանների բարելավման առաջիկա ծրագրերը. նախատեսվում է, որ դրանց ծավալը կհասնի 2 մլրդ 52 մլն դրամի: Ներկայումս ընթացքի մեջ են նոր ՔԿՀ-ի կառուցման մրցույթի կազմակերպման աշխատանքները: Վերջինիս կառուցման արդյունքում նախատեսվում է փակել Երևանում գործող 4 ՔԿՀ:

Զեկույցի համաձայն, Քրեակատարողական համակարգի պատմության մեջ առաջին անգամ ներդրվել է օտարերկրյա քաղաքացիներին պետական միջոցների հաշվին թարգմանչական ծառայություններ մատուցելու ծրագիր, քանի որ ՔԿՀ-ներում անազատության մեջ ամսական պահվում է մոտ 125 օտարերկրյա քաղաքացի: 2022թ. կատարվել է 304 թարգմանություն:

Հանդիպմանը քննարկվել են օպերատիվ ստորաբաժանման նոր մոդելի ներդրման հետ կապված ծրագրերը, առաջարկվել է Կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության ստեղծման տարբերակը: Ներակայացվել են նաև «Արմավիր» ՔԿՀ-ում կառավարման նոր մոդելի ներդրման հետ կապված ծրագրերը. արդյունքում նախատեսվում է ստեղծել Կանոնակարգի կառավարման բաժին:

Ավտոտրանսպորտային միջոցների օպտիմալացման հետ կապված զեկուցվել է, որ քրեակատարողական ծառայության հաշվեկշռում առկա է եղել թվով 82 տրանսպորտային միջոց, որից 11 տրանսպորտային միջոց հանձնվել է պետական գույքի կառավարման կոմիտե, 6 տրանսպորտային միջոցի հանձնումը ընթացքի մեջ է: 2022թ. տարեվերջին ձեռք է բերվել 10 նոր հատուկ նշանակության տրանսպորտային միջոց, մնացորդը կազմում է թվով 75 տրանսպորտային միջոց: Առաջարկվել է ձեռք բերել թվով 16 էլեկտրոմոբիլ, դուրս գրել ևս 26 տրանսպորտային միջոց, որի արդյունքում ակնկալվում է տարեկան մինչև 58 մլն դրամի տնտեսում, պետական գույքային ֆոնդի թարմացում, ծառայության արդյունավետության բարձրացում:

Անդրադարձ է եղել նաև 2022թ. անազատության մեջ գտնված անձանց վերաբերյալ վիճակագրական տվյալներին: Մասնավորապես, նշվել է, որ ՔԿՀ-ներում ընդհանուր առմամբ պահվում է 2265 դատապարտված և կալանավորված անձ: Ընդհանուր առմամբ, հանրապետության ՔԿՀ-ները նախատեսված են 4491 անձի համար, այսինքն բեռնվածության հետ կապված խնդիրներ ներկայումս չկան:

Քննարկվել են նաև ազատությունից զրկված անձանց կրթության ապահովմանը, վերասոցիալականացման այլ միջոցառումներին, դատապարտյալների աշխատանքային զբաղվածությանը վերաբերող հարցեր:

Զեկուցվել է Կենտրոնական մարմնի և ՔԿՀ օպերատիվ ստորաբաժանումների կատարած աշխատանքների, քրեակատարողական ծառայողների նկատմամբ իրականացված ծառայողական քննությունների մասին: Անվտանգության ապահովման ոլորտում իրականացված աշխատանքների արդյունքում 2022թ․ ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ում տեղադրվել է տեսահսկման սարքավորումածրագրային նորագույն սերնդի համակարգ, իսկ ՔԿԾ կենտրոնական մարմնում կահավորվել է օպերատիվ կառավարման կենտրոնական կայանը:

Արտակարգ իրավիճակների դիմակայության մակարդակի արդյունավետության բարձրացման ուղղությամբ մշակվել է ՔԿՀ-ներում արտակարգ իրավիճակներում գործելու պլան, ինչպես նաև մշակվել և հաստատվել է ՔԿՀ-ներին սպառնացող և տեխնածին վտանգների հիման վրա, արտակարգ իրավիճակներում գործելու պլան:

Զեկուցվել է, որ ՔԿՀ-ներում բջջային ցանցի ճնշման համակարգերի ներդրման ուղղությամբ քննարկումներ են կազմակերպվել քննչական, օպերատիվ մարմինների և դատախազության, ՀՀ-ում գործող բջջային օպերատորների, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ներկայացուցիչների հետ: Աշխատանքների նպատակն է ներդնել այնպիսի համակարգ, որը կբացառի ՔԿՀ-ներում անազատության մեջ գտնվող անձանց հասանելիությունը բջջային և ինտերնետ ցանցին:

Տեղեկացվել է, որ Պարեկային ծառայության մոդելին համապատասխան աշխատանքներ են տարվում նաև «Արմավիր» ՔԿՀ-ում նոր աշխատակիցների ներգրավման ուղղությամբ: Ներկայումս ընթացքի մեջ են մոդելի մշակման աշխատանքները:

Պատասխանատուները զեկուցել են նաև, որ ՔԿՀ-ներում մատակարարվող սննդի նոր ծրագիրը գործում է արդյունավետ: Տրամադրվող բարձրորակ սննդից օգտվում է դատապարտյալ և կալանավորված անձանց 99,2 տոկոսը:

Ամփոփելով՝ վարչապետը կարևորել է Քրեակատարողական հիմնարկներում իրականացվող բարեփոխումները, այդ թվում՝ շենքային պայմանների բարելավման, բարձր որակավորում ունեցող աշխատակիցների համալրման, քրեական ենթամշակույթի դեմ պայքարի, դատապարտյալների զբաղվածության, կրթության հնարավորությունների ապահովման և այլ ուղղություններով:

«Բոլոր բարեփոխումների իմաստը և նպատակը պատժի կրման հստակ ստանդարտ սահմանելն է»,- ասել է վարչապետը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ