Հայկական զինված ուժերը Բերձորից մինչև Արաքսի ափը ընկած հատվածում որոշակի դիրքային բարելավումներ են ունեցել: Այս մասին հոկտեմբերի 28-ին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով, որ օրվա ընթացքում ողջ ռազմաճակատի երկայնքով շարունակվել են մարտերը, սակայն ոչ մեծ ինտեսիվությամբ:
«Այսօր՝ ողջ օրը, մարտական գործողությունները շարունակվել են ողջ ռազմաճակատի երկայնքով, սակայն ոչ մեծ ինտենսիվությամբ:
Հարավային հատվածում՝ Բերձորից մինչև Արաքսի ափն ընկած ռազմաճակատային բնագծի ուղղությամբ, եղել են որոշակի մարտական գործողություններ, մեր ԶՈՒ-ին հաջողվել է որոշակի դիրքերի բարելավում իրականացնել:
Բացի դրանից, Արցախի Մարտունու և Ասկերանի շրջանների գյուղերի հարակից տարածքներում շարունակվում են դիվերսիոն խմբերի դեմ ընթացող մարտական գործողությունները: Այսօր այդ մարտական գործողություններն ընթացել են Ավետարանոց և դեպի Սղնախ գյուղի տարածքում և հարակից բլուրներում ու անտառային զանգվածներում:
Դիվերսիոն խմբերը ներթափանցում են տարբեր ուղղություններով, նրանց դեմ պայքարը ենթադրում է որոշակի առանձին մարտական գործողությունների մարտավարություն, որոնք սովորական համազորային մարտի կամ հինգերորդ սերնդի պատերազմին բնորոշ առանձին ինտենսիվ մարտական գործողությունների նման մարտեր չեն:
Օրվա ընթացքում շարունակվել են նաև Արցախի տարբեր բնակավայրերի հրետակոծությունները տարբեր ուղղություններով: Կիրառվում են հիմնականում հրետանային, հրթիռային միջոցներ:»