Բացի տարածաշրջանի ապակայունացումից, Հայաստանում ԵՄ առաքելությունից սպասելու ոչինչ չկա. Զախարովա

Աննա Կոստանյան 7.06.2024 - 14:14
7.06.2024 - 14:14 դիտում

Հայաստանում ԵՄ առաքելությունից, բացի արտաքին քաղաքական իրավիճակի ապակայունացումից և տարածաշրջանի աշխարհաքաղաքական մրցակցության այլ ասպարեզի վերածումից, այլ բան պետք չէ սպասել։

Այս մասին հերթական ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե ռուսական կողմը Փարիզին ծանուցե՞լ է, որ եվրոպացի դիտորդներին կասկածում է լրտեսության համար։

Ինչպես նշել է Զախարովան, ՌԴ ԱԳՆ-ն Ֆրանսիային չի տեղեկացրել լրտեսության կասկածների մասին։ Նրա խոսքով՝ Մոսկվան հրապարակավ և բացահայտ խոսել է Հայաստանում ԵՄ առաքելության նկատմամբ իր բացասական վերաբերմունքի մասին։

«Մենք բազմիցս մեկնաբանել ենք Հայաստանի տարածքում ԵՄ-ի այս կիսառազմական ներկայության մասին, ապացույցներ փնտրելու կարիք չկա. դրանք ակնհայտ են: Այս առաքելությունն ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, երբ նրանք սկսեցին միանալ դրան ԵՄ անդամ չհանդիսացող ՆԱՏՕ-ի երկրներին»,- ասել է ռուս դիվանագետը:

Նա նշել է, որ տարածաշրջանն արդեն անկայուն է, սակայն հնարավորություն կա կայունացնելու իրավիճակը, կարգավորելու երկարաժամկետ ճգնաժամը, որպեսզի բացվեն մարդկանց միջև մարդասիրական հաղորդակցության և տնտեսական զարգացման բոլոր հնարավորությունները։

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը վստահ է, որ Հարավային Կովկասում բոլոր հարցերը պետք է և կարող են լուծվել տարածաշրջանային երկրների հավաքական ջանքերի հիման վրա՝ բացառապես իրենց շահերից ելնելով և առանց արտաքին միջամտության։

Հիշեցնենք, որ ԵՄ երկարաժամկետ առաքելությունը Հայաստանում է գտնվում 2023 թվականի փետրվարի 20-ից՝ 2 տարի ժամկետով և ի սկզբանե բաղկացած էր 100 հոգուց։

2023 թվականի դեկտեմբերին ԵՄ-ն հայտարարեց առաքելության ընդլայնման մասին՝ մինչև 209 մարդ (նախկին 138-ի փոխարեն): Հայաստանի կառավարությունը վերջին հանդիպումներից մեկում հաստատել է ԵՄ դիտորդների կարգավիճակը՝ այն գործնականում հավասարեցնելով դիվանագիտական կարգավիճակին։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ