Արցախի նախագահը դուրս է գալիս «Ազատ Հայրենիք» կուսակցությունից, պատրաստ է առաջին հնարավորության դեպքում հրաժարվել նախագահի պաշտոնից

Աննա Կոստանյան 16.12.2020 - 14:37
16.12.2020 - 14:37 դիտում

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հրապարակել է իր ուղերձի տեքստը, որում խոսել է պատերազմի հետևանքների, առկա մարտահրավերների ու իշխանության անելիքները։

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․

«Սիրելի՛ հայրենակիցներ

Քանի որ ուղերձի տեսանյութի հետ կապված տեխնիկական խնդիրներ են առաջացել, իսկ այս իրավիճակում ժամանակը շատ կարևոր է, այդ պատճառով նախքան տեսանյութի տեխնիկական խնդիրների կարգավորումը հրապարակում եմ իմ ուղերձի ամբողջական տեքստը՝ պատերազմի հետևանքների, առկա մարտահրավերների և տարբեր ոլորտներում իշխանությունների անելիքների վերաբերյալ:

Հ.Գ. Բնականաբար, անդրադարձել եմ նաև նոր ռազմագերիների թեմային՝ այնքանով, որքանով տեղեկություններ կան այս պահին:

«Հարգելի՛ հայրենակիցներ

Ադրբեջանա-թուրքական դաշինքի կողմից պարտադրված ծանրագույն պատերազմի հետևանքով կորցնելով մեր սուրբ հայրենիքի զգալի մասը և հազարավոր պայծառ կյանքեր՝ այնուամենայնիվ, մեր ժողովրդի հավաքական ուժի և կամքի շնորհիվ, մեր նվիրյալ զավակների արյան գնով մեզ հաջողվել է պահպանել Արցախ աշխարհի՝ Մեծ Հայքի պատմական 10-րդ նահանգի մի մասը, որտեղ շարունակելու է ապրել, արարել ու պայքարել արցախահայությունը՝ հանուն իր իրավունքների ու ազատությունների, հանուն ազգային արժանապատվության ու հարատևման:

Նախևառաջ, կուզեի իմ խորին ցավակցությունները հայտնել բոլոր զոհվածների հարազատներին և ողջ հայ ժողովրդին՝ անդառնալի ու ծանր կորուստների համար: Մենք ցմահ երախտապարտ ու պարտական ենք Հայրենիքի համար ընկած յուրաքանչյուր հերոսի և նրանց հարազատներին, մենք երախտապարտ ենք նաև Հայրենիքի պաշտպանության գործին այս կամ այն ձևով սրտանց մասնակցած յուրաքանչյուր անձի՝ զինվորից մինչև սփյուռքահայ մանուկ, առաջնագծից մինչև խորը թիկունք: Ինչպես արդեն հայտարարվել է, Արցախի և Հայաստանի Հանրապետություններում դեկտեմբերի 19-ից հայտարարվելու է եռօրյա սուգ՝ ոգեկոչելու համար պատերազմի ընթացքում զոհված մեր հայրենակիցների հիշատակը:

Պետք է արձանագրել, որ չնայած առկա ծանր մարտահրավերներին՝ Արցախի Հանրապետության անկախությունն ու Սահմանադրությունը գործում են նույնությամբ, դեռ ավելին՝ մեզ պարտավորեցնում են առավել վճռականորեն շարունակել իրենց պատմական, արժեքային ու իրավաքաղաքական հիմքի՝ Արցախյան շարժման պայքարն ու ոգին: Հարկ է արձանագրել նաև, որ միջազգային հարաբերություններում մարդու իրավունքների պաշտպանությունը մնում է զուտ հռչակագրային ցանկություն, որի ապահովման ուղղությամբ միջազգային հանրությունը հիմնականում չի կատարել իր ստանձնած պարտավորությունները՝ աչք փակելով հայության հանդեպ կատարված մարդկության դեմ հանցագործության աղաղակող փաստերի առջև:

Այս դժվարագույն իրավիճակում մենք պարտավոր ենք ուղիղ նայել իրականության աչքերին, արձանագրել առկա խնդիրները, դնել հստակ նպատակներ և քրտնաջան, հետևողական, խելացի ու համատեղ աշխատանքով հասնել այդ նպատակներին: Թե ինչ ունենք և ինչ պետք է անենք, հակիրճ կներկայացնեմ ըստ ոլորտների:

Անվտանգություն. Անշուշտ, մեր քաղաքացիների անվտանգության ապահովումը պետության գլխավոր առաջնահերթությունն է, քանի որ առանց անվտանգ միջավայրի հնարավոր չէ մնացած ոլորտներում հաջողություններ ու զարգացում արձանագրել: Այդ համատեքստում լիովին հասկանալի է, որ նաև հետպատերազմյան ժամանակաշրջանում քաղաքացիներին ու իշխանություններին ամենաշատ հուզող հարցերը վերաբերում են անվտանգությանն ու առնչվող անորոշություններին: Մի կողմից ունենք պատերազմի հետևանքով շուրջ երկուսուկես անգամ երկարած շփման գիծ ադրբեջանական կողմի հետ, կոնկրետ հատվածներում անմիջական մոտեցում մեր որոշ բնակավայրերի և խիստ սահմանափակված՝ Մայր Հայաստանի հետ հաղորդակցության միջոցներ, մյուս կողմից ունենք սուղ մարդկային ու տեխնիկական միջոցներ և սահմանափակ ժամանակ նոր առաջնագիծն ամրացնելու համար, իսկ երրորդ կողմից ունենք ողջ հայ ժողովրդի ու Հայաստանի Հանրապետության շարունակական աջակցությամբ և Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի ներկայությամբ պայմանավորված անվտանգության երաշխիքները:

Այժմ Արցախի իշխանությունները կատարում են հնարավոր ամեն ինչ մեր լիազորությունների ու կարողությունների սահմաններում առկա անվտանգային մարտահրավերների չեզոքացման ու անորոշությունների հստակեցման ուղղությամբ, որոնց մի մասը կախված է նաև ամենաբարձր մակարդակի միջազգային բանակցությունների արդյունքներից: Այնուամենայնիվ, անկախ առկա օբյեկտիվ դժվարություններից՝ մեկ բան ակնհայտ է մեզ համար, այն է՝ Պաշտպանության բանակը, ողջ հայության աջակցությամբ, շարունակելու է իր գործառույթներն ու ջանքերը Արցախի բնակչության ֆիզիկական անվտանգության ապահովման ուղղությամբ, որոնք լրացվում են Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի երաշխիքներով:

Այդուհանդերձ, ադրբեջանական կողմը շարունակում է իր մշտական սադրիչ վարքագիծը, որի ցցուն օրինակներից են վերջին օրերի նրանց գործողությունները Խծաբերդի ու Բերդաձորի հատվածներում: Պաշտպանության բանակի զինծառայողների և ռուս խաղաղապահների կողմից կանխվել են ադրբեջանական զինծառայողների տարբեր սադրանքներ, իսկ երեկ երեկոյան նրանց դուրս են մղել Շուշիի Հին շեն գյուղի մերձակայքից: Այս օրերին Բերդաձորի ուղղությամբ ոչ մի անձ չի տուժել, իսկ հակառակորդին թույլ չի տրվել մուտք գործել որևէ բնակավայր: Ցավոք, Խծաբերդի ուղղությամբ մեր մի քանի տասնյակ զինծառայողներ գերի են ընկել ադրբեջանական կողմին, և այժմ պաշտպանության նախարարությունը պարզում է բոլոր հանգամանքները: Ես անձամբ հետևողական եմ լինելու, որ այս միջադեպի մեղավորները ենթարկվեն իրավական պատասխանատվության: Նրանց արագ ու անվտանգ վերադարձը Հայրենիք պետք է լինի բոլորիս առաջիկա ջանքերի կիզակետում, և արդեն իսկ քայլեր ենք ձեռնարկում այդ ուղղությամբ:

Հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնության ստանձնած խաղաղապահ մանդատն Արցախում՝ ակնհայտ է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների ու ձևավորված շփման գծի խախտումները հստակ անհարգալից վերաբերմունք է Ռուսաստանի և՛ միջնորդական ջանքերի, և՛ խաղաղապահ մանդատի նկատմամբ: Ուստի, Հայաստանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության հետ միասին աշխատում ենք ռուսական կողմի հետ, որպեսզի համատեղ կանխենք ադրբեջանական սադրանքները, իսկ Պաշտպանության բանակը, իհարկե, զուգահեռաբար կատարում է իր պարտականությունները եղած հնարավորությունների սահմաններում:

Արտաքին քաղաքականություն. Արցախի Հանրապետության արտաքին քաղաքական ուղղություններն ու առաջնահերթություններն, ընդհանուր առմամբ, չեն փոխվել, սակայն կրել են փոփոխություններ իրենց ուժգնության առումով: Մասնավորապես՝ հարկ է առանձնացնել հետևյալ հիմնական ուղղություններն ու նպատակները՝

• Արտաքին քաղաքականության գլխավոր ուղղությունն Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումն է նաև քաղաքական գործիքակազմով: Պետք է Արցախի ու Հայաստանի Հանրապետությունների արտաքին քաղաքական ամբողջ ներուժը խելացի ու հետևողական կերպով սպասարկի այդ առաջնահերթ նպատակի իրագործմանը՝ ապահովելով կայուն, տևական ու արժանապատիվ անվտանգ միջավայր սեփական հայրենիքում ապրելու համար:

• Երկրորդ ուղղությունը Արցախի միջազգային կարգավիճակին առնչվող հարցերի հստակեցումն է, որը ենթադրում է Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչում՝ հիմնված մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման փաստի անվերապահ ճանաչման վրա: Եթե նախապատերազմյան ժամանակահատվածում հակամարտության կարգավորման հիմքում դրված էին երեք հիմնական սկզբունքներ՝ ուժի և ուժի սպառնալիքի կիրառման բացառում, ժողովուրդների ինքնորոշման իրավունք և տարածքային ամբողջականություն, ապա այս պատերազմը պարզապես վերացրել է դրանցից երկուսի՝ ուժի սպառնալիքի բացառման ու տարածքային ամբողջականության սկզբունքների իմաստը: Մասնավորապես, աշխարհի համար քննարկումից դուրս է այն ճշմարտությունը, որ Ադրբեջանն է դիմել ուժի կիրառման, որի ընթացքում համակարգված ու դիտավորյալ կերպով կատարել է մարդկության դեմ ուղղված և բազմաթիվ պատերազմական հանցագործություններ՝ Թուրքիայի ու վարձկանների ակտիվ մասնակցությամբ: Ընդ որում՝ այժմ ոչ մի տեսանելի հիմք չկա պնդելու, որ միջազգային հանրությունը ցանկություն ունի պատժելու Ադրբեջանին՝ ուժի ապօրինի կիրառման և մարդկության դեմ հանցագործության համար: Բացի դրանից, ուժի կիրառման և քաղաքական պայմանավորվածության հետևանքով ոչ միայն Ադրբեջանը չունի միջազգային ընկալմամբ տարածքային ամբողջականության խնդիր, այլև այդ երկիրը վերջին պատերազմում բռնազավթել է 1991թ. հռչակմամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը պատկանող որոշ տարածքներ՝ ի լրումն 1990-ականներին զավթված այլ տարածքների՝ տասնյակ հազարավոր բնիկ հայերի դարձնելով անօթևան:

Ուստի, եթե երեք սկզբունքներից երկուսը դարձել են ժամանակավրեպ, ապա պարտադիր է անհապաղ կյանքի կոչել նաև երրորդ սկզբունքը՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման փաստի ճանաչումը, որպեսզի հնարավոր լինի մտածել հակամարտության կարգավորման մասին: Այդ առումով կարևոր է հաշվի առնել և՛ Արցախի ժողովրդի կրած զրկանքներն ու տառապանքները, և՛ նոր ոճրագործությունների առկա գոյաբանական վտանգները՝ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը դիտարկելով որպես փոխհատուցող ու կանխարգելիչ մեխանիզմ: Բոլորի համար հասկանալի է, որ միջազգայնորեն ճանաչված կարգավիճակը նշանակալի գործնական երաշխիքներ է տալու մեր ժողովրդի անվտանգության ու իրավունքների պաշտպանության ապահովման համար:

• Երրորդ ուղղությունը Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնումն է, որն ունի և՛ անվտանգային, և՛ հումանիտար նշանակություն մեր ժողովրդի համար:

• Չորրորդ ուղղությունը մարդասիրական հարցերի կարգավորումն է, որը ներառում է թե՛ գերիներին ու անհետ կորածներին առնչվող խնդիրների լուծում, թե՛ տեղահանված անձանց իրենց բնակավայրեր վերադարձի ապահովում, թե՛ հոգևոր-մշակութային ժառանգության պատշաճ պաշտպանություն: Այդ համատեքստում շատ կարևոր է միջազգային մարդասիրական շարունակական աջակցության ապահովումը, որի առաջամարտիկն է դարձել օտարերկրյա պետություններից Ռուսաստանի Դաշնությունը՝ Արցախին ցուցաբերվող ուղիղ ու մեծածավալ աջակցությամբ: Հույս ունեմ, որ այլ պետություններ ու միջազգային խոշոր կազմակերպություններ օրինակ կվերցնեն Ռուսաստանից՝ վերջապես կոտրելով Արցախի միջազգային արհեստական մեկուսացման սառույցը: Անշուշտ, Հայաստանի Հանրապետության անվերապահ, մշտական ու անգնահատելի աջակցությունը Արցախին որևէ կերպ չի կարելի դիտարկել այդ տեսանկյունից, և խոսքը բացառապես միջազգային աջակցության մասին է:

• Հինգերորդ ուղղությունը սոցիալ-տնտեսական զարգացմանը և օտարերկրյա ներդրումների ներգրավմանը միտված արտաքին քաղաքականությունն է, ինչի շնորհիվ պետք է ձգտենք միջազգային մեկուսացումը վերացնել նաև տնտեսական առումով:

Հումանիտար և սոցիալական ոլորտ. Արցախը վիրավոր է ոչ միայն մարդկային ու տարածքային կորուստների, այլ նաև ծագած բազմաթիվ և սուր մարդասիրական հիմնախնդիրների պատճառով՝ անհետ կորածներից ու գերիներից մինչև կացարաններ ու ավերված շինություններ, սոցիալական ապահովությունից մինչև հոգեբանական տրավմաներ: Ուստի, ի լրումն նախապատերազմյան ժամանակաշրջանում առկա մարտահրավերների ու կարիքների՝ այժմ ձևավորվել են հսկայական ծավալի նոր կարիքներ, ինչը ենթադրում է պետական իշխանության ավելի արդյունավետ ու պատասխանատու աշխատանքի անհրաժեշտություն: Մենք պետք է առաջին հերթին կարճ ժամանակահատվածում լուծենք մեր անօթևան քաղաքացիների կացարանների ու նվազագույն սոցիալական պայմանների ապահովման խնդիրները: Դրան զուգահեռ ու հատկապես դրանից հետո խնդիր ենք ունենալու բարենպաստ պայմաններ երաշխավորելու մեր բոլոր քաղաքացիների կյանքի որակի բարձրացման ու Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման համար: Այդ տեսանկյունից նախատեսում ենք մեկնարկել մի շարք ծրագրեր, մասնավորապես՝

• Հայաստանի Հանրապետության հետ համատեղ կատարել առավելագույնը բոլոր գերիներին տուն վերադարձնելու ուղղությամբ, ինչպես նաև ակտիվորեն շարունակել զոհվածների մարմինների ու անհետ կորածների որոնողական աշխատանքները.

• Կարճ ժամկետում կարգավորել անօթևան քաղաքացիների ժամանակավոր կացարանների խնդիրը՝ թե՛ տարբեր շինություններում կենտրոնացված տեղավորման, թե՛ բնակվարձի պատշաճ փոխհատուցման, թե՛ արագ բնակարանաշինության և հնարավոր այլ ծրագրերի միջոցով.

• Երեք տարում բոլոր անօթևաններին ապահովել բնակարանային պայմաններով.

• Առաջիկա երեք տարում քաղաքացիների փոխարեն վճարել իրենց հիփոթեքային վարկերի գումարներն ու դրանց տոկոսները.

• Զգալի աջակցություն ցուցաբերել ֆիզիկական ու իրավաբանական անձանց վարկերի սպասարկման մասով.

• Էականորեն մեծացնել շինանյութերի հատկացման ծրագիրը՝ գյուղերի բնակֆոնդի պայմանների բարելավման նպատակով.

• Մեկնարկել է նաև անօթևան քաղաքացիների բնակվարձի փոխհատուցման ծրագիրը.

• Հայաստանի Հանրապետության հետ համատեղ մեկնարկել և շարունակվում է ոչ զինապարտ արցախցիներին ցուցաբերվող միանվագ ֆինանսական աջակցության ծրագիրը.

• ՀՀ հետ համատեղ արդեն գործում է նաև անօթևան մնացած քաղաքացիներին 300,000 կամ 250,000 ՀՀ դրամ աջակցության ցուցաբերման ծրագիրը՝ կախված բնակության վայրից.

• Առնվազն վեց ամիս շարունակ գործազուրկ քաղաքացիներին հատկացնել ամսական 68,000 ՀՀ դրամ սոցիալական աջակցություն.

• Առնվազն մեկ տարի շարունակ սուբսիդավորել գազի, էլեկտրաէներգիայի, կապի ֆիքսված ծավալների սպառումը և այլ կոմունալ ծախսերը՝ ճկուն հարաբերակցությամբ՝ ըստ սպառողների նախընտրության ու կարիքների, իսկ հայտարարված սահմանաչափերը կբարձրացվեն.

• Հայտարարել հարկային համաներում և սահմանել հարկային լայն արտոնություններ.

• Գույքագրել պատերազմի հետևանքով արձանագրված նյութական վնասները՝ հետագայում քննարկելու համար փոխհատուցումներ տրամադրելու հնարավորությունները.

• Երեք տարում ասֆալտապատել բոլոր գյուղեր տանող ճանապարհները:

Իհարկե, նշվածները պետական ծրագրերի միայն մի մասն են, և առկա ճգնաժամից դուրս գալուն միտված կարճաժամկետ ծրագրերից հետո մշակելու և իրագործելու ենք ավելի երկարաժամկետ զարգացման ծրագրեր: Այս և այլ ծրագրերի կյանքի կոչումը հնարավոր է լինելու ոչ միայն Արցախի Հանրապետության միջոցներով, այլ նաև Հայաստանի Հանրապետության, համայն հայության, «Հայաստան» համահայկական հիմնադրամի, Ռուսաստանի Դաշնության գործուն աջակցության շնորհիվ: Հուսամ՝ միջազգային տարբեր կազմակերպություններ ու այլ օտարերկրյա կառավարություններ ևս կհետևեն Հայաստանի ու Ռուսաստանի օրինակներին և Արցախին կցուցաբերեն շարունակական և ուղղակի մարդասիրական աջակցություն:

Ներքին քաղաքականություն. Ծանր կորուստներով պատերազմն ինքնին պետական ու քաղաքական համակարգերի համար ճգնաժամի մեծ աղբյուր է: Մյուս կողմից, պատերազմական ու հետպատերազմյան ժամանակաշրջանում ցանկացած պետության անհրաժեշտ է ներքին կայունություն ու միասնական աշխատանք, այլապես ճգնաժամերը կարող են երկար տևել ու խորանալ: Ինձ համար, բնականաբար, ընկալելի են Արցախի և Հայաստանի Հանրապետությունների իշխանություններից պատերազմի արդյունքների ու առկա իրավիճակի վերաբերյալ պարզաբանումներ պահանջելուն միտված գործողությունները, քանի որ յուրաքանչյուր իշխանություն պետք է պատասխանատու լինի իր լիազորությունների կատարման ու չկատարման համար և հաշվետու՝ ժողովրդի առջև: Այո՛, Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ ինձ վերապահված լիազորությունների շրջանակներում պատասխանատվություն եմ կրում այս իրավիճակի համար, սակայն որևէ մեկին պատասխանատվության ենթարկելիս հարկ է տարանջատել թացը չորից, օբյեկտիվ պատճառները՝ սուբյեկտիվ մեղքերից, ցանկությունները՝ հնարավորություններից: Օրինակ, եթե Սահմանադրությամբ Հանրապետության նախագահը Արցախի Հանրապետության ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության ու անվտանգության երաշխավորն է, արդյո՞ք ունեցել եմ ներքին ու արտաքին բավարար հնարավորություններ ու լծակներ այս լայնածավալ պատերազմում լիովին երաշխավորել նշված չորս արժեքները և արդյո՞ք ինձնից կախված առավելագույնը չեմ կատարել այդ ուղղությամբ: Կամ եթե Սահմանադրությամբ Հանրապետության նախագահը զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է, ապա ու՞մ համար է գաղտնիք, թե իրականում Պաշտպանության բանակն ինչպես ու որտեղից է կառավարվում և թե որքանով է Արցախի Հանրապետության նախագահն ընդգրկված այդ գործընթացներում: Սահմանադրական լիազորությունների ու իրական կյանքում գործառութային խիստ սահմանափակումների միջև մեծ տարբերության պայմաններում ես, իմ կարծիքով, կատարել եմ հնարավոր ամեն ինչ նպաստ բերելու Հայրենիքի պաշտպանության կարևորագույն գործին՝ անկախ իմ պաշտոնական ու ոչ պաշտոնական լիազորություններից ու հնարավորություններից:

Այս 44-օրյա պատերազմում կան երեք հիմնական հարցեր ու դրանցից բխող քննադատություններ: Առաջինն այն է, թե արդյոք ճիշտ էր պատերազմը կանգնեցնել նոյեմբերի իննին այդ պայմաններով, և այդ հարցին անկեղծորեն պատասխանել եմ քանիցս, որ այդ պահին այլընտրանքն ավելի մեծ մարդկային ու տարածքային կորուստներն էր, ընդհուպ՝ լրիվ հայրենազրկումը: Երկրորդ հարցն այն է, թե արդյոք հնարավոր չէր ավելի շուտ դադարեցնել պատերազմը հարաբերականորեն ավելի լավ պայմաններով ու ավելի քիչ կորուստներով, իսկ երրորդը, թե արդյոք հնարավոր չէր նախօրոք այնպես անել, որ հայկական զինված ուժերը ավելի լավ պատրաստված լինեին պատերազմին: Վերջին երկու հարցերի պատասխաններն էլ դրական են, սակայն մանրամասներին կանդրադառնամ մեկ այլ առիթով…

Այնուամենայնիվ, անկախ առկա իրավիճակի համար իմ իրական ու օբյեկտիվ պատասխանատվության չափից՝ պատերազմից հետո ես պատրաստ էի վայր դնել Հանրապետության նախագահի իմ լիազորությունները, սակայն մի քանի հիմնական պատճառով չգնացի այդ քայլին:

• Նախ՝ արդյո՞ք հետպատերազմյան հումանիտար աղետի առերեսված ու բազմաթիվ զրկանքների մեջ խրված Արցախը, արագ համախմբվելու և ժողովրդի առկա կարիքներով զբաղվելու փոխարեն, պետք է անցներ քաղաքական լարվածության ու կառավարման անկայունության մի երկարատև փուլ: Կարծում եմ՝ պատասխանը պարզ է. առնվազն անմեղսունակ պետք է լինել ժողովրդի դարդերը թողնելու և ներքաղաքական պայքարի կրկեսը մտնելու համար.

• Երկրորդ՝ արդյո՞ք արտաքին ու անվտանգային լրջագույն մարտահրավերների պայմաններում որևէ մեկը համոզված է, որ պատշաճ կամ նույնիսկ նվազագույն չափով երաշխավորված միջավայր ունենք արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու և կայացնելու համար.

• Երրորդ՝ պետք չէ մոռանալ նաև սահմանադրական կարգավորումների մասին, որոնք այնպես են կառուցված, որ այս փուլում նախագահական ու խորհրդարանական արտահերթ ընտրությունները կարող են առաջացնել սահմանադրական ճգնաժամ՝ խորացնելով ընդհանուր պետական ճգնաժամը.

• Չորրորդ և վերջապես՝ ես պատասխանատվությունից խուսափող մարդ չեմ, հակառակը՝ այս ծանր շրջանում ստանձնում եմ լրիվ պատասխանատվություն մեր Հայրենիքն ու ժողովրդին հետպատերազմյան ճգնաժամից հանելու հարցում: Իսկ ինչ վերաբերում է պատերազմի ընթացքում իմ և այլ պաշտոնատար անձանց գործողություններին ու վարքին, ապա ողջունում եմ հասարակական տարբեր կազմակերպությունների կողմից իրավապահ մարմիններ ներկայացված հաղորդումը հնարավոր պետական դավաճանության ու այլ ենթադրյալ հանցագործությունների վերաբերյալ: Ես պատրաստ եմ ամբողջությամբ աջակցել իրավապահ մարմիններին արդյունավետ քննություն անցկացնելու այդ գործի մասով, պատրաստ եմ նաև անձամբ պարզաբանումներ ներկայացնելու: Իսկ ինչ վերաբերում է հետաքննության արդյունքներին ու դրանցից բխող գործողություններին, ապա ոչ միայն պատրաստ եմ կրել իմ բաժին պատասխանատվությունը, այլ նաև պարտավոր եմ իմ լիազորությունների շրջանակներում հնարավորինս կատարել կոնկրետ հարցերում մեղավորներին պատասխանատվության ենթարկելու և վերհանված խնդիրները լուծելու ուղղությամբ:

Այժմ գալով իմ որոշումներին ու ապագա անելիքներին, կուզեի շեշտադրել հետևյալ կետերը՝

• Սկսել եմ քաղաքական խորհրդակցություններ խորհրդարանական ու արտախորհրդարանական բոլոր հետաքրքրված ուժերի և հասարակական տարբեր խմբերի հետ, որպեսզի համատեղենք մեր ջանքերը այս ճգնաժամը հաղթահարելու հարցում: Արդեն մի շարք ուժերի հետ ունենք կոնկրետ պայմանավորվածություններ ու ջանքերի մեկտեղում, այլոց հետ շարունակում ենք քննարկումները, և տեսնում եմ հնարավորությունը բոլորի հետ փոխգործակցելու: Հարկ է ընդգծել, որ համագործակցությունը պետք է լինի լայն ընկալմամբ, այլ ոչ թե սահմանափակվի քաղաքական պատասխանատվության ստանձնմամբ տարբեր պաշտոններում կոնկրետ անձանց նշանակման տեսքով: Այսինքն, յուրաքանչյուր կարողունակ ու սրտացավ ուժ ու անձ պետք է հնարավորություն ստանա իր ներուժը ծառայեցնելու մեր նույնական նպատակի կյանքի կոչմանը, իսկ այդ ճանապարհին ես միշտ բաց եմ լինելու բոլոր ուժերի ու անձանց հետ համագործակցելու հարցում.

• Թեև Սահմանադրությունը Հանրապետության նախագահին օժտում է լայն լիազորություններով, սակայն նշված համագործակցության ու միասնականության տրամաբանությունից ելնելով՝ պատրաստակամ եմ Հայրենիքի ու ժողովրդի համար կենսական նշանակության որոշումները կայացնել Ազգային ժողովի, Անվտանգության խորհրդի և ավելի լայն հասարակական-քաղաքական շրջանակների հետ համախորհուրդ: Ընդհանրապես, հանրային քննարկումների անցկացումը պետք է դառնա մեր քաղաքական մշակույթի ու կառավարման համակարգի օրգանական մասը.

• Որոշել եմ հրաժարվել «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահի պաշտոնից և դուրս գալ կուսակցությունից, որպեսզի Հանրապետության նախագահի պաշտոնում ես կարողանամ գործել և ընկալվել որպես պետության վերկուսակցական գլուխ, որպես մի գործիչ, որը պետք է ընդունվի որպես հատկապես ճգնաժամային իրավիճակներում համախմբող անձ.

• Միևնույն ժամանակ գիտակցելով պատերազմի հետևանքով առաջացած հանրային ու քաղաքական որոշակի տրամադրությունները Հանրապետության նախագահի պաշտոնից իմ հրաժարականի անհրաժեշտության մասով՝ կուզեի նշել, որ պատրաստ եմ հրաժարական տալ առաջին իսկ հնարավորության դեպքում, երբ Հանրապետությունը ներքին ու արտաքին պայմանների ու սահմանադրական կարգավորումների առումով պատրաստ լինի պատշաճորեն ու արժանապատվորեն հաղթահարել նախագահական ու խորհրդարանական ընտրությունների ծանր դժվարությունները.

• Առաջիկա օրերին հաստատելու եմ կառավարության նոր կառուցվածքը՝ օպտիմալացնելով տարբեր գերատեսչություններ, որպեսզի հնարավոր լինի բարձրացնել դրանց աշխատանքի արդյունավետությունը և խնայել հանրային միջոցներ.

• Հաստատելու եմ նաև կառավարության նոր կազմը՝ կատարելով նշանակալի կադրային փոփոխություններ, այդ թվում՝ ուժային կառույցներում: Ընդգծեմ, որ նոր կադրերի ընտրության հարցում հնարավորինս առաջնորդվելու եմ նրանց մարդկային ու մասնագիտական արժանիքներով և հանրային հեղինակությամբ.

• Արցախի Հանրապետության պաշտպանությանն ու անվտանգությանն առնչվող՝ Նախագահի բոլոր հրամանագրերն ու կառավարության որոշումներն ընդունվելու են բացառապես Անվտանգության խորհրդի դրական եզրակացությամբ, մնացած մարմինների կողմից ընդունվող վերաբերելի իրավական ակտերի մասով եզրակացություններ տալու համար կմշակվեն համապատասխան մեխանիզմներ.

• Անվտանգության խորհրդի կազմը կընդլայնվի, որում ընդգրկված կլինեն ոչ միայն կոնկրետ լիազոր պաշտոնատար անձինք, այլ նաև հասարակական-քաղաքական տարբեր շրջանակների ներկայացուցիչներ:

Պետական կառավարում. Այժմ պետական կառավարման համակարգն, ընդհանուր առմամբ, ճգնաժամի մեջ է, որը բացասականորեն է անդրադառնում պատերազմի հետևանքների հաղթահարման աշխատանքների արդյունավետության վրա: Ուստի, նախատեսում եմ մի քանի օրվա մեջ կատարել բոլոր հիմնական կառուցվածքային ու կադրային փոփոխությունները և արագացնել ու բազմապատկել հրատապ հիմնախնդիրների լուծման ջանքերը: Ժողովրդի հրատապ կարիքների գոնե նվազագույն բավարարումից հետո մենք պետք է ձեռնամուխ լինենք կառավարման բարեփոխումների, որոնց մի մասը նախատեսել էինք նախապատերազմյան ժամանակահատվածում, իսկ մնացածի կարիքը դրսևորվել է պատերազմական ու հետպատերազմյան պայմաններում: Այդ երկարատև բարեփոխումների արդյունքում կբարելավվեն հանրային ծառայողների մասնագիտական կարողությունները, կբարձրանա վարչարարության, քաղաքացիների սպասարկման, հանրային միջոցների ծախսման, պետական ծրագրերի իրականացման և մի շարք այլ գործընթացների ու ինստիտուտների արդյունավետությունը:

Պետական կառավարման բոլոր մարմիններից ու պաշտոնատար անձանցից պահանջում եմ կատարել չափազանց պատասխանատու ու սրտացավ աշխատանք հետպատերազմյան ծանր մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ: Մեզնից ոչ ոք բարոյական իրավունք չունի գլուխը հանգիստ բարձին դնելու, եթե գիտի, որ իրենից է կախված զոհվածի կամ անհետ կորածի հարազատի, վիրավորի, անօթևանի կամ մեկ այլ խոցելի անձի այս կամ այն հարցի լուծումը: Մեզնից ոչ ոք իրավունք չունի իրեն թույլ տալ շռայլություններ, երբ շատ անձինք զրկված են կյանքի նվազագույն պայմաններից, երբ զոհվածների ու անհետ կորածների զավակները կարիք ունեն պարզ ուշադրության: Յուրաքանչյուր հանրային ծառայող պետք է գիտակցի, որ այժմ Արցախի բոլոր բնակիչները այսպես թե այնպես խոցելի են, և բոլորս պարտավոր ենք ծառայել նրանց, պարտավոր ենք ինքներս սրտացավության ու ծառայության օրինակ լինել մնացածի համար: Ես ակնկալում եմ, որ մեր հասարակությունում երկար ժամանակ կտիրի փոխօգնության ու համերաշխության աննախադեպ մթնոլորտ, ինչի շնորհիվ մեզ կհաջողվի արագորեն հաղթահարել այս ճգնաժամային իրավիճակը:

Ի դեպ, նշվածի համատեքստում կուզեի անդրադառնալ նաև առաջնագծում ու թիկունքում սեփական պարտականությունների կատարումից խուսափած անձանց վերաբերյալ հանրային տրամադրություններին: Այո՛, հանրության մեջ առկա է իրավացի պարսավանք ու պահանջկոտություն նրանց հանդեպ, և՛ բարձրաստիճան պաշտոնատար անձինք, և՛ հանրային ծառայության ցածր օղակի, և՛ մասնավոր հատվածի տարբեր աշխատակիցներ այդ հիմքով հեռացվել են աշխատանքից: Պատերազմի ընթացքում ես հրապարակել եմ աշխատանքից ազատված որոշ բարձրաստիճան պաշտոնատար անձանց ցանկը: Ավելին, առաջնագծի ու թիկունքի դասալիքները չպետք է հետագայում նույնպես որևէ հնարավորություն ստանան բարձրաստիճան պաշտոն զբաղեցնելու, քանի որ ժողովրդի համար ամենավճռական պահին իրենց պարտականությունների կատարումից խուսափած անձինք պարզապես չեն կարող բարեխղճորեն ծառայել նույն ժողովրդին: Իսկ ինչ վերաբերում է ցածր օղակի աշխատակիցներին, ապա հաշվի առնելով դեպքերի բազմազանությունը, ծագած որոշ իրավական հիմնախնդիրներն ու առկա ծավալները՝ այդ հարցը պետք է առանձին ուսումնասիրության առարկա դառնա, որպեսզի արդար որոշումներ կայացվեն: Այնուամենայնիվ, հարկ է ընդգծել, որ խրախուսանքի միջոցներ կիրառելիս գործատուները պետք է անպայման հաշվի առնեն տվյալ աշխատակցի վարքը պատերազմի ընթացքում՝ բացառելով անարդար որոշումները բարեխիղճ աշխատակիցների նկատմամբ:

Սիրելի՛ հայրենակիցներ

Հիմնախնդիրներն ու մարտահրավերները չափազանց շատ են այս ժամանակահատվածում՝ երբեմն անկառավարելի ու անորոշ մեզ համար: Սակայն մեր նախորդ ու գալիք սերունդների առաջ պարտավոր ենք ամուր կանգնել Հայրենիքի փրկության ու զարգացման դիրքերում: Մենք ազգովի վճռական ենք պատվով դուրս գալու այս ծանր իրավիճակից, ուղղելու մեր մեջքը և առաջ շարժվելու մեր պատմական երթում: Մենք պարզապես իրավունք չունենք ձախողվելու այս փուլում, ինչը կարող է նշանակել բոլոր փուլերի ձախողում: Սա մեր արդար պայքարն է՝ մեր նախնիների պայքարի բնական շարունակությունը, և մենք միանշանակ հաջողելու ենք:

Ամրություն, անվտանգություն ու հարատևում Հայոց Սուրբ Հայրենիքին»:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ