Մայիսի 13-ին Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) նիստին։
Նեղ, այնուհետև ընդլայնված ձևաչափով անցկացված նիստի ընթացքում ԱՊՀ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային ու միջազգային օրակարգի՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ, անդրադարձել ԱՊՀ շրջանակներում փոխգործակցության ամրապնդման հնարավորություններին: Քննարկվել են կազմակերպության գործունեության հետագա ուղղությունները։
Նիստի ընթացքում նախարար Միրզոյանը նաև անդրադարձ է կատարել մայիսի 12-ին տեղի ունեցած՝ Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպմանը՝ հույս հայտնելով, որ այն քայլ կլինի տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ։
Նա վերահաստատել է ՀՀ հանձնառությունը 2020 թ․ նոյեմբերի 9-ի, 2021 թ․ հունվարի 11-ի ու նոյեմբերի 26-ի հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը։
Արարատ Միրզոյանը ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման վերաբերյալ և այս առումով կարևորել խաղաղ գործընթացի առաջմղումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո։
ԱՊՀ ԱԳ նախարարները դիտարկել են ԱՊՀ շրջանակներում արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև բազմամակարդակ խորհրդակցությունների 2021 թ. ծրագրի մասին զեկույցը, անդրադարձ կատարել մասնակից պետությունների հիմնարար հետազոտությունների գերակա ուղղությունների վերաբերյալ գիտական նախագծերի ցանկին։ Համաձայնեցվել են «Մետաքսե ճանապարհ» զբոսաշրջության միջազգային համալսարանին զբոսաշրջության ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների բազային կազմակերպության կարգավիճակ շնորհելու մասին որոշումը և այլ փաստաթղթեր։
Ընդունվել է որոշում «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք» միջազգային նախագծի վերաբերյալ, որի նպատակն է ակտիվացնել ԱՊՀ մասնակից պետությունների փոխգործակցությունը` երիտասարդության ներուժի խթանման համար պայմաններ ստեղծելու ուղղությամբ։