Արարատ Միրզոյանը ընդունել է ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելության անդամներին

22.10.2022 - 20:00 դիտում

Հոկտեմբերի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է կարիքների գնահատման ԵԱՀԿ առաքելությանը՝ ԵԱՀԿ-ում նախագահող Լեհաստանի ներկայացուցիչ գնդապետ Ռոբերտ Արկադիուշ Տկաչիկի գլխավորությամբ։

Ողջունելով առաքելության անդամներին՝ նախարար Միրզոյանն ընդգծել է, որ  ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելությունը Հայաստանում, որի  անհրաժեշտությունն առաջացել է սեպտեմբերի 13-14-ին ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ Ադրբեջանի ագրեսիայից հետո, լիովին համապատասխանում է կազմակերպության մանդատին ու նպատակներին։

Հայաստանի դիմումի հիման վրա կարիքների գնահատման ԵԱՀԿ առաքելություն Հայաստանի Հանրապետություն գործուղելու որոշումը կայացվել է ԵԱՀԿ գործող նախագահող երկրի և քարտուղարության կողմից՝ ԵԱՀԿ Նախարարական խորհրդի համապատասխան որոշումների հիման վրա, որոնք ընդունվել են Կազմակերպության բոլոր մասնակից երկրների համաձայնությամբ:

ՀՀ ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ առաքելության գործունեությունը, դիտարկումները և ավարտական զեկույցն ադրբեջանական ագրեսիայից հետո ստեղծված իրավիճակի մասին օբյեկտիվ տեղեկատվության աղբյուր կհանդիսանան ԵԱՀԿ նախագահության, քարտուղարության և անդամ երկրների համար, ինչպես նաև դեր կխաղան նոր հավանական ագրեսիաների կանխարգելման և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման գործում։

Հանդիպմանը մասնակցող ՀՀ ԶՈՒ ԳՇ ներկայացուցչի կողմից առաքելության անդամներին է ներկայացվել  սահմանամերձ շրջաններում առկա իրադրությունը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ