Ավինյանը վստահեցնում է՝ կառավարությունը վերացնելու է ծանր տարվա հետևանքները

Հրաչ Սահակյան 10.02.2021 - 21:06
10.02.2021 - 21:06 դիտում

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը վստահեցնում է, որ գործող կառավարությունը միանշանակ վերացնելու է 2020-ի՝ ծանրագույն տարվա հետևանքները: Ավինյանն այս մասին ասաց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ՝ պատասխանելով ԼՀԿ-ից Գևորգ Գորգիսյանի հարցին:

Գորգիսյանը մատնանշեց առկա մի շարք խնդիրներ, այդ թվում՝  անհետ կորածների, գերեվարվածների հարցերը:

«Այո, դժվար են այն հարցերը և խնդիրները, որ երկրի առջև ծառացած են: Այո, միանշանակ ծանրագույն տարի ենք ունեցել 2020-ին: Բայց ես ձեզ վստահեցնում եմ, միանշանակ եմ ձեզ վստահեցնում, որ հետևանքները միանշանակ վերացվելու են, և մենք նորից վերադառնալու ենք դրական ճանապարհի վրա»,-ասաց Ավինյանն ու հավելեց, որ ինքը համոզված է դրանում:

Նրա խոսքով՝ հենց այս կառավարությունն այդ սկիզբը դնելու է:

Անդրադառնալով իշխանափոխությանը՝ Ավինյանը նշեց, որ եթե ինչ-որ քաղաքական խմբեր պատկերացնում են, թե սենյակներում պայմանավորվածությունների արդյունքում պետք է ձևավորվի նոր իշխանություն, այդպիսի բան չի լինելու: «Եկեք վերջնականապես արձանագրենք, որ նման բան թույլ չենք տալու մենք: Եթե այս երկրում պետք է ձևավորվի իշխանություն, դա ձևավորվելու է ընտրությունների միջոցով»,-ասաց փոխվարչապետը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ