16 000 օտարերկրյա կամավորներից առաջիններն արդեն ուղևորվում են Ուկրաինա՝ օգնելու Ռուսաստանի դեմ պայքարում: Այս մասին տեսաուղերձում հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Ուկրաինան ամեն օր զենք է ստանում գործընկերներից, իսկական ընկերներից, ավելի ու ավելի հզոր զենքեր։ Ուկրաինան արդեն դիմավորում է օտարերկրյա կամավորների, որոնք գալիս են մեր երկիր։ 16 000-ից առաջինները պատրաստվում են պաշտպանել մեր ազատությունը, մեր կյանքը, և դա հաջողությամբ կպսակվի, ես դրանում վստահ եմ»,- ասել է նա։
Նախագահի խոսքով՝ Ուկրաինայի բոլոր պաշտպանական բնագծերը պահպանվել են։ Զելենսկու խոսքով՝ ռազմավարական պաշտպանության ուղղություններից որևէ մեկում թշնամին հաջողություն չունի:
«Նրանք ճնշված են և դատապարտված… Կիև, Չեռնիգով, Սումի, Նիկոլաև. Օդեսա. Նրանք ուզում են կործանել մեր Օդեսան, բայց կտեսնեն միայն Սև ծովի հատակը»,-ասել է Զելենսկին: