COVID-19-ի դեմ պայքարի համար Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամը Հայաստանին կտրամադրի 3 մլն դոլար դրամաշնորհ

6.08.2021 - 11:39 դիտում

Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամը Հայաստանին 3 մլն դոլար դրամաշնորհ կտրամադրի` COVID-19-ի դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու համար։ Կառավարությունն այսօր ընդունեց դրամաշնորհի համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին նախագիծը:

«Նախատեսվում է ՀՀ-ին տրամադրել 3 մլն դոլար դրամաշնորհ, որն ուղղվելու է առողջապահական համակարգի հզորացմանը, արդիականացմանը, քանի որ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում դեռ շարունակվում է կորոնավիրուսային համավարակի դեպքերի ալիքաձև աճը: Հիվանդությանը դիմակայելու, արագ արձագանքելու և հիվանդներին պատշաճ բժշկական օգնություն տրամադրելու համար անհրաժեշտ է համակարգն անընդհատ արդիականացնել, և մենք, կորոնավիրուսային համավարակը դիտարկելով մարտահրավեր, նաև դիտարկել ենք առիթ մեր համակարգում լրացուցիչ ներդրումներ անելու և պատրաստվածության աստիճանը բարձրացնելու, պատրաստ լինելու մեր այլ մարտահրավերներին դիմակայելու»,- ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նախարարը նշեց նաև, որ այս դրամաշնորհի շրջանակում նախատեսվում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի երկու մարզային կենտրոնների՝ Արարատի և Արմավիրի մասնաճյուղերի ամբողջական վերակառուցում և վերազինում, ինչպես նաև Վանաձորի բժշկական կենտրոնին կից ինֆեկցիոն նոր մասնաշենքի կառուցում և համալրում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ