Փորձ է արվում լուծել արտագնա աշխատողների խնդիրը

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով արտագնա աշխատանքի մեկնող քաղաքացիների խնդրին, նշեց, որ ԱՊՀ երկրների միջև շրջանառությունը փակ է, իսկ ՌԴ-ի դեպքում գրեթե բոլոր երկրների հետ է նման իրավիճակ:

Վարչապետի խոսքով, համաճարակի ներկա դրական իրավիճակը հնարավորություն է տալիս, որ ԵԱՏՄ շրջանակներում քննարկման առարկա դարձվի այդ հարցը:

«Կփորձենք հասկանալ, թե ինչպես ենք կարողնալու դուրս գալ այս իրավիճակից և նման քննարկում նախաձեռնել ենք ԵԱՏՄ ֆորմատով»,- հայտնեց Նիկոլ Փաշինյանը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ նշեց, որ ԵԱՏՄ-ում պաշտոնապես բարձրացրել են կանոնավոր ուղևորափոխադրումների սցենարը հաստատելու հարցը և հուսով են, որ կգործի միասնական կանոն:

Վարչապետը հայտնեց, որ ուղևորափոխադրումների վերականգնումն ու սահմանների բացումը տեղի կունենա սեպտեմբերի կեսից, և մի քանի օրից մեկ-երկու տասնյակ ավիաընկերություններ արդեն կվերականգնեն կանոնավոր չվերթերը դեպի Հայաստան:

Նրա խոսքով, արտերկրից Հայաստան ժամանած քաղաքացիները, որոնք չեն ուզում կարանտինի մեջ մնալ 14 օր, կարող են օդանավակայանում թեստ հանձնել, և եթե պատասխանը բացասական է, կարանտին չեն անցնի:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրեց, որ ՀՀ մուտքի որևէ արգելք այս պահին չի գործում: Նրա խոսքով՝ ներկայումս օդանավակայանում 20 նմուշառման կետ է կառուցվում, և ովքեր կցանկանան տեղում թեստավորվել, կունենան այդ հնարավորությունը:

Կրկին անդրադառնալով դպրոցների բացման թեմային՝ վարչապետը հայտնեց, որ նպատակը այն չէ, որ դրանք բացեն և իրավիճակի վատացման պատճառով կրկին փակեն:

ԿԳՄՍ նախարար Արային Հարությունյանն հավաստիացրեց, որ հակահամաճարակային սահմանափակումների պահպանման դեպքում համաճարակային իրավիճակը կլավանա:

Առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանն էլ հաստատեց վարչապետի այն հայտարարությունը, որ բոլոր ուսուցիչները թեստավորվում են, ինչով էլ պայմանավորված է թեստավորման բարձր տոկոսը:

Related posts

Գյումրվա թանապուրն ու Արցախի հռածածը. կարեկից միջավայր՝ հանուն կոլեկտիվ ամոքման

Մոսկվան և Կիևը 2022 թ. Ստամբուլի բանակցությունների ավարտին համաձայնագիր չեն ստորագրել Լոնդոնի ճնշման պատճառով. Պեսկով

Սյունիքի մարզի Վահանավանք թաղամասի մոտակայքում բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած