Փող էիք տվել, օբյեկտ էիք սարքել էս պետությունը. վիճաբանություն Արթուր Հովհաննիսյանի և Գեղամ Մանուկյանի միջև

1999 թվականի հոկտեմբերի 27-ին թիրախավորվեցին և խոցվեցին հայ ժողովրդի ազգային արժեքները, սրբությունները, պետականությունը և եկեղեցին: Ղարաբաղյան կլանը զավթեց Հայաստանում ժողովրդի իշխանությունը, ձևավորեց օլիգարխիայից, բանդիտներից ու ջեբկիրներից կազմված իշխանություն: Նրանց փաստորեն կոլեգա Կտրիճ Ներսիսյանն էլ, խախտած լինելով կուսակրոնության ուխտը, իր նման մի քանիսի հետ նույն օրը, նույն պահին, երբ Ազգային ժողովում գնդակահարվում էին ազգային գործիչները, զավթեց հոգևոր իշխանությունը: Այս մասին խորհրդարանում ելույթի ժամանակ հայտարարեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հավհաննիսյանը:

Նրա խոսքով՝ ավելի մեծ և թիրախային հարված հնարավոր չէր հասցնել հայ ժողովրդին:

«Եվ այս կետից սկսվեց տասնամյակների աղետը: Որպես գույք՝ պարտքի դիմաց, տրվեցին Հայաստանի տնտեսական, էներգետիկ կարևորագույն նշանակության օբյեկտներ, փաստացի, հայ ժողովրդին զրկելով սեփական երկրում հարստանալու և իր երկիրը հարստացնելու, հզորացնելու հնարավորությունից»,- ասաց նա՝ ընդգծելով, որ ռոբասերժականները մեզ տասնամյակներով ասում էին՝ մենք չենք տերը մեր երկրի:

Ժողովրդին ավելի ստորացնելու համար, ըստ Հովհաննիսյանի, մեզ զրկեցին կրթության, ճշմարտությունը իմանալու հնարավորությունից, ու այդ գործը ստանձնեցին դաշնակները՝ ինչպես «մի շարք այլ կեղտոտ ու արյունոտ գործեր»:

Նրա խոսքով՝ դպրոցական դասագրքերից մինչև գիտական հոդվածներ լցվեցին կեղծիքով՝ թաքցնելու  համար իրենց դավաճան դեմքը, իսկ այսօր էլ քննադատում են 300 դպրոց ու 500 մանկապարտեզ կառուցելու ծրագիրը:

«Մենք հիմա ստիպված վերակառուցում ենք ձեր՝ իբր թե սարքած դպրոցները»,- նշեց պատգամավորը:

Ինչ վերաբերում է ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանի՝ բանակի վերաբերյալ հայտարարություններին՝ Հովհաննիսյանը նկատեց՝ խոսում է բանակի մասին, որը պղծել են:

«Տո դու սկի քո անունից չես կարող նորմալ խոսել, ոնց կարող ես հազարավոր մարդկանց անունից առհասարակ խոսել: Բանակից հեռու մնացեք առհասարակ: Դուք չէի՞ք պատերազմի օրերին զանգում հրամանատարներին, աղաչում, որ տանկերը պտտեն դեպի Երևան, ա՛յ դավաճաններ, այ՛ հողատուներ»,- հայտարարեց Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ այդ միջավայրում, որտեղ չկային իրավունքներ, ծնվել են բարեգործները, որոնք հարստանալով՝ գրոշներ են շպրտում ժողովրդին, թե բա՝ «բարեգործ ենք», վերջնականապես ստորացնելով մարդկանց:

Հովհաննիսյանի ելույթին դահլիճից արձագանքեց Գեղամ Մանուկյանը, ինչին ի պատասխան Հովհաննիսյանը նրան հորդորեց լռել:

ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հորդորեց նրանց հարգալից լինել միմյանց հանդեպ:

Շարունակելով բարեգործների մասին թեման՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարը նշեց՝ նրանք մատ են թափ տալիս, մունաթ են գալիս հայկական պետականության ու հայ ժողովրդի վրա:

«Կարո՞ղ է գիտեք՝ էս ձեր օբյեկտն է: Փող էիք տվել: Օբյեկտ էիք սարքել էս պետությունը: Կառավարական առանձնատունը մենք ենք սարքել, թքած ունենք ՀԷՑ-ի վրա, էդ «Տաշիր Պիցցա»-ների վրա էլ ոնց-որ թքած ունեիք: Որտեղ մտան, պարզվեց՝ հակասանիտարական վիճակ է: Այդպե՞ս եք դուք էս ժողովրդին սիրում»,- ասաց Հովհաննիսյանը:

Ինչ վերաբերում է ընդդիմության ներկայացուցիչներից Իշխան Սաղաթելյանի մեղադրանքներին, թե ՀԷՑ-ը ազգայնացնում են՝ հետագայում թուրքերին տալու  համար, նկատեց՝ ավելի մեծ հիմարություն հնարավոր չէ պատկերացնել:

Նրա խոսքերին դարձյալ արձագանքեց Գեղամ Մանուկյանը, որին Հովհաննիսյանը դարձյալ հորդորեց լռել:

Ստիպված՝ երկու պատգամավորներին հանդարտության կոչ արեց Ռուբինյանը, ապա ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ հորդորելով Հովհաննիսյանին չսրել իրավիճակը դահլիճում:

«Խնդրում եմ, հարգալից խոսեք, նախազգուշացում կտամ ու նույնիսկ բարձրախոսը կանջատեմ, մի՛ արեք»,- հորդորեց Աժ նախագահը Հովհաննիսյանին:

Շարունակելով ելույթը՝ պատգամավորը նկատեց՝ այդ ընթացքում հոգևորականությունը «բացահայտ ախպերություն» էր անում օլիգարխիայի ներկայացուցիչների, թալանչիների հետ, պարզվում է նաև՝ անառակների հետ:

«Այսօր էլ փորձում են կոծկել իրենց սրբապղծությունները: Մենք Եկեղեցու դեմ չենք պայքարում, մենք պայքարում ենք, որ հոգևոր իշխանությունը զավթածների ձեռքից Եկեղեցին վերադարձնենք ժողովրդին, ինչպես որ իշխանությունն ենք վերադարձրել ժողովրդին»,- ընդգծեց Հովհաննիսյանը:

Related posts

Օդի ջերմաստիճանը հունիսի առաջիկա օրերին կբարձրանա 4-6 աստիճանով

ՀՀ-ն տարածաշրջանային հնարավոր պրոբլեմներին երբեք այնքան պատրաստված չի եղել, ինչքան այսօր. Փաշինյան

Այն, ինչ այսօր հանրությանը ներկայացնում ենք որպես Իրական Հայաստանի գաղափարախոսություն, ապագայի հստակ գծագրված նախագիծ է. Փաշինյան