Ազգային ժողովում 2024 թվականի պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ամփոփիչ ելույթի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այն օգտակար էր իր համար, քանի որ մտածել է իր վարչապետության և կառավարման 7 տարիների մասին, նաև այն մասին, թե ինչպիսին է եղել 2018 թվականի հունիսին, և թե ինչպիսին է 2025 թվականի հունիսին:
«Երբ նոր ՀՀ վարչապետ դարձա, ընտրվեցի, շատ արագ ես ինքս ինձ համար արձանագրեցի, որ ես ՀՀ վարչապետ եմ պայմանականորեն: Ես ավելի շատ ֆորպոստի վարչապետ եմ: 2025 թվականի հունիսին ինձ համար ամենաշատը հենց սա է փոխվել, որ ես արձանագրում եմ, որ ՀՀ լիարժեք և ամբողջական վարչապետ եմ»,- հայտարարեց Փաշինյանը:
Վարչապետը նաև պարզաբանեց, թե ինչի շնորհիվ է տեղի ունեցել այս փոփոխությունը և, չնսեմացնելով քաղաքական թիմի, կուսակցության դերն այս հարցում, նշեց, որ սա տեղի է ունեցել առաջին հերթին նահատակների և ՀՀ ժողովրդի շնորհիվ:
«Բայց ես նաև ուզում եմ պարզաբանել, թե ինչ նկատի ունեմ ֆորպոստ ասելով, որովհետև սովորաբար ֆորպոստի խոսույթը մեր իրականության մեջ ներմուծվել է կապակցված մի կոնկրետ երկրի հետ, բայց շուտով ես ինքս ինձ համար միայն վարչապետի պաշտոնում արձանագրել եմ, որ ահավոր մեծ անարդարություն է ֆորպոստացման ֆենոմենը կապել մեկ երկրի հետ: Իրականում այդ ֆորպոստացման պրոցեսի մեջ ներգրավված են եղել բազմաթիվ երկրներ: Այդպիսի երկրներ եղել են հյուսիսում, այդպիսի երկրներ եղել են հարավում, այդպիսի երկրներ են եղել արևելքում, այդպիսի երկրներ եղել են արևմուտքում:
Կարևոր է արձանագրել, որ ֆորպոստացման կրիտիկական մասսան ոչ թե եղել է մեզնից դուրս, այլ ֆորպոստացման կրիտիկական մասսան մենք ինքներս ենք եղել, մենք ինքներս ենք ապահովել հետևյալ տրամաբանությամբ. մենք ինքներս մեզ հաշիվ չենք տվել, որ մենք ՀՀ կառավարություն ենք, խորհրդարան ենք, ժողովուրդ ենք, մենք ինքներս մեզ հաշիվ չենք տվել, որ մենք պետություն ենք, մենք չենք փորձել պարզաբանել ինքներս մեզ համար, թե, այնուամենայնիվ, ինչ է պետությունը, ինչպիսի պարամետրեր ունի պետությունը, ինչպիսի վարքագիծ է ենթադրում պետություն լինելը, և որ վարքագիծն է, որ մեզ դնում է պետություն լինելուց անդին:
Եվ ես արձանագրում եմ, այո՛, 2018 և 2019 թվականներին ես եղել եմ ֆորպոստի վարչապետ առաջին հերթին այն պատճառով, որ եղել եմ այն տրամաբանության մեջ, որի հիմնական առանցքը եղել է հետևյալը, որ իրականում ՀՀ-ն ոչ թե նպատակ-երկիր է, այլ միջոց-երկիր է մի ավելի մեծ նպատակ-երկրի հասնելու համար: Այդպիսին եղել եմ 2018 թվականին, այդպիսին եղել եմ 2019 թվականին: 2020 թվականի նոյեմբերից հետո ես թերևս եղել եմ ամենաֆորպոստի վարչապետի կարգավիճակում, և կարծում եմ՝ սա շրջադարձային կետ է եղել, երբ մենք, մեր քաղաքական թիմը, մենք բոլորս ինքներս մեզ հարց ենք տվել, թե ի վերջո ինչ ենք ուզում:
Մենք գտնվել ենք վերջնական և ամբողջական ֆորպոստացման գծի եզրին, և մենք մեզ հարց ենք տվել՝ մենք ուզո՞ւմ ենք այդ գիծը հատել, թե՞ չենք ուզում այդ գիծը հատել, և մենք որոշել ենք, որ չենք ուզում այդ գիծը հատել, և սա այն կետն է, որտեղ մենք որոշել ենք, որ Հայաստանում պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, և ժողովուրդը պետք է կայացնի որոշում, և մենք ինքներս պետք է կայացնենք որոշում»,- ասաց նա և հավելեց, որ կա մի կետ, որ իր համար անձամբ ֆորպոստի վարչապետից հստակ անցում է կատարվել ՀՀ վարչապետի, որում էլ դեր են խաղացել խորհրդարանական ընտրությունները:
«Ես գիտեմ այն օրը, երբ ես վերածվել եմ ՀՀ լիարժեք վարչապետի, և այդ կետից սկսած՝ մինչ օրս գործում եմ բացառապես այդ տրամաբանությամբ. դա 2022 թվականի հոկտեմբերի 6-ն է, երբ ես դարձել եմ ՀՀ առաջին ղեկավարը, որը ճանաչել է ՀՀ տարածքային ամբողջականությունը»,- ասաց նա:
Ըստ Փաշինյանի՝ հենց այդ պահն էլ շրջադարձային էր:
«2022 թվականի հոկտեմբերի 6-ին ես ճանաչել եմ ՀՀ տարածքային ամբողջականությունը՝ հասկանալով ՀՀ տարածքային ամբողջականությունը պարփակված է հարևանների տարածքային ամբողջականությամբ: Ինձ համար դա է այն կետը, որտեղ ավարտվել է ֆորպոստի վարչապետից դեպի ՀՀ վարչապետ տրանսֆորմացիան:
Հիմա արձանագրում եմ և սրանում միանշանակ համոզված եմ, որ այսօր մենք՝ որպես պետություն, ավելի անկախ ենք քան երբևէ, ավելի ինքնիշխան ենք, քան երբևէ, ավելի պետություն ենք, քան երբևէ»,- ասաց նա: