Վրաստանը դատապարտում է վտանգավոր էսկալացիան մեր երկու հարևանների և բարեկամների միջև. Զուրաբիշվիլի

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու կոչ է արել։ Նա սեպտեմբերի 15-ին հայտարարություն է տարածել Twitter սոցիալական ցանցում։

«Վրաստանը դատապարտում է վտանգավոր էսկալացիան մեր երկու հարևանների և բարեկամների՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև», – ասել է Զուրաբիշվիլին։

Նա նշել է, որ Կովկասի զարգացման համար անհրաժեշտ է խաղաղություն, որն ապագայում օգուտ կբերի բնակչությանը։

Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին մտահոգություն էր հայտնել հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի զինված ուժերը սեպտեմբերի լույս 13-ի գիշերը՝ 00:05-ի սահմաններում, հարձակման են անցել Հայաստանի Հանրապետության պետական սահմանի երկայնքով՝ ռազմական գործողություններ ձեռնարկելով Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի ուղղություններով: ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը: Հարվածներ են հասցվում նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին: Նախնական տվյալներով՝ հայկական կողմն ունի 105 զոհ: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը երեկոյան ճեպազրույցի ընթացքում հայտնել է, որ ժամը 20։00-ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։

Related posts

Ձերբակալվածի տան խուզարկությամբ հայտնաբերվել են հրազեն ու ափիոն

Վլադիմիր Զելենսկու նվերը մորը

27 365 քաղաքացի ետ է ստացել 2 միլիարդ 437 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետ