Վստահ եմ, որ Ձեր պաշտոնավարումը կկառուցվի այն արժեքների և սկզբունքների վրա, որոնք ընկած են պետական ծառայության հիմքում. Խաչատուրյանը՝ Փաշինյանին

Հանդիսավոր արարողության շրջանակում նախագահ Խաչատուրյանը ստորագրել է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացմամբ՝ Նիկոլ Փաշինյանին Հանրապետության վարչապետ նշանակելու մասին հրամանագիր։

Նախագահը շնորհավորել է վարչապետին և հաջողություններ մաղթել:

«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 149-րդ հոդվածի համաձայն՝ ինձ համար մեծ պատիվ էր ստորագրել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քաղաքական մեծամասնության կողմից առաջադրված թեկնածուի՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակելու հրամանագիրը։

Այդ սահմանադրական ակտը խորհրդանշում է ոչ միայն պետական իշխանության ձևավորման կարևոր հանգրվանը, այլև Հայաստանի Հանրապետության և նրա քաղաքացիների առջև բացառիկ պատասխանատվություն ստանձնելու առաքելությունը։

Վստահ եմ, որ Ձեր պաշտոնավարումը կկառուցվի այն արժեքների և սկզբունքների վրա, որոնք ընկած են պետական ծառայության հիմքում՝ հավատարմություն Հայաստանի Հանրապետությանը, Սահմանադրությանը, ծառայություն հանրային և պետական շահին, պետականության շարունակական ամրապնդման հանձնառություն և պատասխանատվություն՝ մեր երկրի ներկայի ու ապագայի հանդեպ։

Մաղթում եմ Ձեզ անսասան կամք, վճռականություն, ամրություն և տոկունություն՝ Ձեր պատասխանատու առաքելության իրականացման գործում՝ ի բարօրություն Հայաստանի Հանրապետության, նրա պետականության ամրապնդման և մեր ժողովրդի արժանապատիվ ու խաղաղ ապագայի»,- մասնավորապես ասել է նախագահը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել հրավերի և հանդիսավորության պայմաններում հրամանագիրը ստորագրելու, ջերմ խոսքերի, վստահության և աջակցության համար:

Related posts

Մոսկվայի հասցեին Երևանի կողմից հնչեցված անհիմն մեղադրանքների նոր տարափին այդպես էլ չհետևեցին որևէ կառուցողական առաջարկ կամ պատասխանատու որոշում․ Զախարովա

Կանեմ առաջարկություն, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Նիկոլ Փաշինյան

ԿԲ-ն զգուշացնում է․ խարդախները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունից