Թրամփը հայտարարել է, որ հետաձգել է Իրանի դեմ հարվածը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի և Մերձավոր Արևելքի մի շարք երկրների խնդրանքով հետաձգել է Իրանի դեմ նախատեսված ռազմական հարվածը՝ Թեհրանի հետ հնարավոր համաձայնության հասնելու նպատակով։

Truth Social-ում հրապարակած գրառման մեջ Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ը պատրաստ էր Իրանի դեմ կիրառել «Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր չտեսնված մասշտաբների ռազմական ուժ»։ Սակայն, նրա խոսքով, Իրանը և տարածաշրջանի այլ երկրներ խնդրել են զերծ մնալ հարձակումից, քանի որ ապագա համաձայնագրի հիմնական պայմաններն արդեն համաձայնեցված են։

Թրամփի խոսքով՝ դրանք ներառում են Հորմուզի նեղուցի անհապաղ բացումը և Իրանի կողմից միջուկային սպառնալիքի վերացումը։

«Ես համաձայնեցի չեղարկել հարվածը հանուն խաղաղության և ապագա համաձայնության, պայմանով, որ արագ կհասնենք գործարքի։ Իսրայելն էլ է միանում այս հանձնառությանը»,- գրել է նա։

Սա առաջին դեպքը չէ, երբ Թրամփը հայտարարում է Իրանի դեմ հարվածի հետաձգման մասին։ Մայիսին նա նշել էր, որ նման որոշում է կայացրել Սաուդյան Արաբիայի, Կատարի և ԱՄԷ-ի առաջնորդների խնդրանքով։

Հունիսի 18-ին ԱՄՆ-ը և Իրանը փոխըմբռնման հուշագիր էին ստորագրել, որը նախատեսում էր ռազմական գործողությունների 60-օրյա դադար և բանակցությունների մեկնարկ, սակայն մեկ ամիս անց կողմերը փոխադարձ մեղադրանքներից հետո վերսկսել էին ռազմական գործողությունները։

Ավելի վաղ The New York Times-ը հայտնել էր, որ Թրամփը հրաժարվել էր Իրանի դեմ հետագա հարվածներից, քանի որ նրա թիմը մտավախություն ուներ, որ իրանական պատասխան գործողությունների դեպքում ԱՄՆ-ի հակաօդային պաշտպանության հնարավորությունները տարածաշրջանում կարող են սպառվել։ Սակայն մի քանի օր անց ամերիկյան ուժերը կրկին հարվածներ էին հասցրել Իրանի տարածքին։

Related posts

Գիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն Ազիզյան

Վարդենիսի համայնքային ոստիկանները թմրանյութ և զենք-զինամթերք են հայտնաբերել․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է

Աննա Հակոբյանը նոր տեսաշարով բարձրաձայնում է ընտանեկան բռնության մասին