Վարչապետը հետևել է «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փուլի հանդիպմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի Սպորտի կառավարման կենտրոնի բասկետբոլային մարզադահլիճում հետևել է «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի 2025 թվականի եզրափակիչ փուլի հանդիպմանը:

Մրցաշարը նպատակ ունի խթանելու առողջ ապրելակերպը, զարգացնելու բասկետբոլի նկատմամբ հետաքրքրությունը դպրոցականների շրջանում, ինչպես նաև բացահայտելու տաղանդավոր և հեռանկարային մարզիկներին։

Վարչապետը շնորհավորել է բոլորին մրցաշարի առիթով և հույս հայտնել, որ այն առաջիկա տարիներին անպայման կշարունակվի:

Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ տեղի ունեցած խաղերի պարգևած ոգևորությունը, էներգիան, միասնությունն ու թիմայնությունը բոլորն իրենց հետ կտանեն իրենց բնակավայրեր ու աշխատավայրեր:

«Այս մրցաշարի նպատակը հենց սա է. նախ՝ մեր աշակերտներին ինքնադրսևորվելու հնարավորություն տալ, երկրորդը՝ թիմային ոգին ուժեղացնել մեզանում և հասկանալ, որ հաղթում են այն թիմերը, այն խմբերը, որոնք առավել շատ են աշխատում իրենց վրա, ովքեր առավել շատ են հավատում հաղթանակին, ովքեր առավել վճռական են և ովքեր առավել թիմային են հանդես գալիս խաղահրապարակներում»,- ասել է վարչապետը և շնորհակալություն հայտնել մրցաշարի կազմակերպիչներին, մասնակիցներին, երկրպագուներին և բարի երթ մաղթել դպրոցականների բասկետբոլի լիգային:

Մրցաշարն անցկացվել է հունիսի 16-22-ը ՀՀ վարչապետի հովանու ներքո։

Մրցաշարին մասնակցել են երկու տարիքային խմբի թիմեր՝ 10-12 տարեկան (5-6-րդ դասարաններ) և 13-15 տարեկան (7-9-րդ դասարաններ), որոնցից յուրաքանչյուրը եզրափակիչ փուլ է հասել 16 ուժեղագույն թիմերով։

«Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի 2025 թվականի եզրափակիչ փուլում 13-15 տարեկանների մրցաշարում 1-ին տեղ է զբաղեցրել Երևանի թիվ 51 դպրոցի թիմը, 2-րդ տեղ՝ Երևանի թիվ 2 դպրոցի թիմը և 3-րդ տեղ՝ Երևանի թիվ 137 դպրոցի թիմը: 10-12 տարեկանների մրցաշարում հաղթել է Երևանի 174 դպրոցի թիմը: Երկրորդ տեղն է զբաղեցրել է Արթիկի թիվ 1, իսկ երրորդ տեղը՝ Եղվարդի միջն. դպրոցի թիմը:

Մրցաշարի հաղթող դպրոցները և նրանց ներկայացուցիչները պարգևատրվել են արժեքավոր դրամական մրցանակներով։

Պարգևները հանձնել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:

1-ին տեղ զբաղեցրած դպրոցը ստացել է 4,000,000 դրամ, 2-րդ տեղը՝ 2,500,000 դրամ, 3-րդ տեղը՝ 1,500,000 դրամ:

Պարգևներ են ստացել նաև դպրոցների ֆիզկուլտուրայի ուսուցիչները՝ 1-ին տեղ՝ 700,000 դրամ, 2-րդ տեղ՝ 500,000 դրամ, 3-րդ տեղ՝ 300,000 դրամ։

Թիմերի 9 աշակերտներից յուրաքանչյուրն իր հերթին պարգևատրվել է. 1-ին տեղ՝ 150,000 դրամ, 2-րդ տեղ՝ 100,000 դրամ, 3-րդ տեղ՝ 75,000 դրամ։

Related posts

Մոսկվայի հասցեին Երևանի կողմից հնչեցված անհիմն մեղադրանքների նոր տարափին այդպես էլ չհետևեցին որևէ կառուցողական առաջարկ կամ պատասխանատու որոշում․ Զախարովա

Կանեմ առաջարկություն, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Նիկոլ Փաշինյան

ԿԲ-ն զգուշացնում է․ խարդախները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունից