Պակիստանը Իրան-ԱՄՆ խաղաղ բանակցությունները վերսկսելու հերթական փորձն է նախաձեռնել

Իսլամաբադը հերթական փորձն է ձեռնարկում Իրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղ բանակցությունները վերսկսելու համար: Այդ նպատակով Պակիստանի զինված ուժերի ղեկավար Ասիմ Մունիրը ուղևորվում է Թեհրան:

Դա կլինի այս տարի Մունիրի երրորդ այցը Թեհրան՝ Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել պատերազմի դադարեցմանն ուղղված Իսլամաբադի միջնորդության շարունակական ջանքերի ֆոնին:

Մինչդեռ Վաշինգտոնը պատրաստվում է հայտարարել Իրանի դեմ նոր տնտեսական պատժամիջոցների սահմանման մասին, որոնք ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթն անվանել է «հակառակորդի դեմ երբևէ կազմակերպված ամենամեծ ֆինանսական հարձակումը»:

Վաշինգտոնն անվանում է տնտեսական D-day՝ այն համեմատելով Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Նորմանդիայում ամերիկա-բրիտանական զորքերի ափհանման հետ: Բեսենթի խոսքով՝ նպատակն է կտրել Իրանի բոլոր տնտեսական կենսապահովման շղթաները, մինչև Թեհրանը մենակ մնա: Պաշտոնյան շեշտել է՝ նրանք, ովքեր վախենում են մարտահրավեր նետել Իրանին, պետք է նաև չանտեսեն Վաշինգտոնի համբերությունը փորձելու գինը:

Իրանից արձագանքել են այս հայտարարությանը: Երկրի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ ԱՄՆ-ի տնտեսական պատերազմի շարունակման դեպքում անգամ մեկ կաթիլ նավթ չի արտահանվի Հորմուզի նեղուցից կամ Պարսից ծոցի որևէ այլ վայրից: Նա շեշտել է՝ ցանկացած երկրի մասնակցությունը կամ աջակցությունն ամերիկյան տնտեսական պատերազմին Իրանը կդիտարկի որպես իր ժողովրդի դեմ պատերազմական գործողություն։

Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղաեին նույնպես սպառնացել է ԱՄՆ-ի տնտեսական ճնշմանը միացող երկրներին: Պաշտոնյան հավելել է՝ Թեհրանը պատժամիջոցներին հակազդելու համար կօգտագործի իր բազմակողմ բոլոր հնարավորությունները:

Related posts

ՀՀ Կառավարության 2026-2031 թթ․ գործունեության ակնկալվող ուղենշային արդյունքները

Սեպտեմբերի 1-ին Հայաստանում կանցկացվեն թվային հեռուստատեսային հեռարձակման ցանցի պլանային աշխատանքներ

Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ բուսասանիտարական վերահսկողության վերաբերյալ երկխոսությանը. Օվերչուկ