Ընտրակաշառքի բաժանման կասկածանքով ձերբակալման դեպք կա մի քանի ժամ առաջ: Ես այս մասով պետք է ասեմ, որ դիտորդական առաքելությունը թեպետ չունի տվյալներ, որոնք կվկայեն, որ հենց ձերբակալված անձինք ընտրակաշառք են բաժանել, բայց միաժամանակ պետք է ասեմ, որ մենք ունենք տեղեկություններ, որ ընտրակաշառքներ բաժանվել են:
Այս մասին հայտարարել է«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող, «Անկախ դիտորդ» առաքելության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը:
«Որ երևույթը եղել է Գյումրիում, մենք կարող ենք դա հաստատել: Արդյո՞ք դա արել են հենց այն անձինք, որոնք ձերբակալվել են հիմա, կամ այն անձինք, որոնք ձերբակալվել էին հինգշաբթի օրը, մենք ոչ կարող ենք հաստատել, ոչ հերքել»,- նշել է նա:
Գյումրու քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանի գլխավորած «Մեր քաղաքը» դաշինքը ավելի վաղ հայտնել էր, թե քաղաքացիական հագուստով անհայտ անձինք, իբր, ուժով առևանգել են ավագանու անդամության թեկնածու Անահիտ Խալաթյանին։
Պարզվել է՝ Գյումրիում ձերբակալվել է «Մեր քաղաքը» դաշինքի ավագանու անդամության թեկնածու Անահիտ Խալաթյանը, նույն ինքը՝ Գյումրիում հայտնի «Չոռնի Անոն»:
Հակակոռուպցիոն կոմիտեից «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնել են, որ հանցանք կատարելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով ավագանու թեկնածուին և մի շարք այլ անձանց ձերբակալել են Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ՆԳՆ-ից էլ տեղեկացրել էին, որ առևանգման մասին որևէ հաղորդում կամ փաստ չկա:
Ըստ տեղեկությունների՝ «Չոռնի Անոն» և մյուսներն ընտրակաշառք են բաժանել: